Ուկրաինայի խորհրդարանի խոսնակը ստորագրեց ռուսաց լեզվի կարգավիճակի մասին օրենքը
Ուկրաինայի Գերագույն ռադայի նախագահ Վլադիմիր Լիտվինը ստորագրել է ռուսաց լեզվի կարգավիճակի մասին սկանդալային օրենքը, որի պատճառով հրաժարականի դիմում էր ներկայացրել։ Ուկրաինայի խորհրդարանի մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ օրենքն արդեն ներկայացվել է երկրի նախագահ Յանուկովիչին՝ ստորագրման։
Հուլիսի 30-ին Գերագույն ռադան արտահերթ նիստում մերժել է ռուսաց լեզվի կարգավիճակի օրենքը չեղյալ հայտարարելու մասին առաջարկի 4 նախագծեր։ Ընդդիմության առաջարկներից ոչ մեկը չի հավաքել անհրաժեշտ 226 ձայն։ Ավելի վաղ Գերագույն ռադան մերժել էր Լիտվինի հրաժարականի հայտարարությունը։
Հիշեցնենք, որ հուլիսի 3-ին Գերագույն ռադան Ուկրաինայում ռուսաց լեզվի կիրառման ընդլայնման մասին օրենք էր ընդունել։ Խորհրդարանի խոսնակ Վլադիմիր Լիտվինը հրաժարվել էր ստորագրել օրենքը, եւ իր տեղակալ Նիկոլայ Տոմենկոյի հետ միասին հրաժարականի դիմում էր գրել։
Ուկրաինայի ընդդիմադիր կուսակցությունները համոզված են, որ այս օրենքով ռուսաց լեզուն պետական երկրորդ լեզվի կարգավիճակ կստանա, ինչը հակասում է այդ երկրի Սահմանադրությանը։
Հուլիսի 7-ին նախագահ Վիկտոր Յանուկովիչը Կառավարությանը հանձնարարել էր «լեզվի» օրենքում փոփոխություններ կատարելու առաջարկներ քննարկել։