Բաժիններ՝

Ցույց տվեք նաև վատը

Դավթաշեն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմը հայտարարել է լուսանկարների մրցույթ, որտեղ թաղամասը կներկայացվի ոչ միայն դրական, այլև բացասական տեսանկյունից։
Մրցույթներ (այդ թվում լուսանկարների) անցկացնելը նոր երևույթ չէ, սակայն բացասական կամ «պրոբլեմատիկ» լուսանկարների հրապարակումը և առավել ևս՝ դրանց համար մրցանակ սահմանելը շատերին է զարմացրել։

Բնակիչներից մեկը Դավթաշեն վարչական շրջանի ղեկավար Ռուսլան Բաղդասարյանի ֆեյսբուքյան էջում հարց է ուղղել՝ մտավախություն չունե՞ք, որ նման լուսանկարների հրապարակումը կարող ի ցույց դնել վարչական շրջանի աշխատակազմի թերությունները։ Ի պատասխան, Ռուսլան Բաղդասարյանը գրել է. «Ոչ միայն մտավախություն չունենք, այլև հենց դրան էլ ձգտում ենք՝ բնակչի օգնությամբ վեր հանել և տեսանելի դարձնել թերություններն ու խնդիրները։ Երևան քաղաքի իշխանությունները՝ քաղաքապետ Տ. Մարգարյանի ղեկավարությամբ, որդեգրել են բաց և թափանցիկ աշխատանքի սկզբունքը։ Ցանկացած խնդիր լուծելու համար նախ պետք է բացահայտել այդ խնդիրը։ Դրանք թաքցնելով կամ չտեսնելու տալով՝ մենք առաջ չենք շարժվի։ Այս առումով «բացասական» լուսանկարների հրապարակումը միայն կնպաստի մեր ավելի արդյունավետ աշխատանքին»։

Նշենք, որ մրցույթին չեն կարող մասնակցել պրոֆեսիոնալ լուսանկիրչները։ Մրցույթին մասնակցել ցանկացողները կարող են լուսանկարներ ուղարկել մինչև սեպտեմբերի 5-ը, իսկ մանրամասն պայմանները ներկայացված են վարչական շրջանի ֆեյսբուքյան էջում՝ www.facebook.com/davtashen հասցեով։

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս