Բաժիններ՝

Կանայք ավելի հեշտ են աշխատանք գտնում

Հայաստանում պաշտոնապես գրանցված 77004 գործազուրկներից այս տարվա առաջին կիսամյակում աշխատանք են գտել միայն 5573-ը։
Հայաստանում առկա սոցիալ-տնտեսական անկայուն վիճակը խնդիրներ է առաջացրել աշխատանք փնտրողների համար: 168.am-ը փոքրիկ հարցախույզ անցկացրեց աշխատանքի տեղավորման գործակալությունների շրջանում, ինչից պարզ դարձավ, որ աշխատանք փնտրում են բոլորը՝ սկսած նոր ավարտած երիտասարդից, մինչ 60 տարեկան հասուն մարդը: Մեր այն հարցին, թե ո՞ր տարիքի և սեռի անձի համար է առավել հեշտ աշխատանք գտնելը, մեզ հետ զրույցում բոլոր գործակալությունները պատասխանեցին, որ իգական սեռն առավել հեշտ է աշխատանք գտնում: Ըստ աշխատանքի տեղավորման գործակալությունների՝ կանանց համար խնդիր չէ տնային աշխատանքներ կատարելը, մատուցող կամ վաճառող աշխատելը: Ըստ Akkaline աշխատանքի տեղավորման գործակալության տրամադրած տվյալների, տղամարդիկ հիմնականում փնտրում են պահեստապետի, գիշերային կամ ցերեկային պահակի աշխատանք: Այդ աշխատանքների համար հիմնականում դիմում են 45 և ավելի տարիք ունեցող տղամարդիկ: Եթե հասուն կանանց և տղամարդկանց պարագայում աշխատանքի ոճի փոփոխություն կար, ապա երիտասարդ կադրերի դեպքում խնդիրն այլ է: Անկախ սեռից, երիտասարդ կադրերը, համապատասխան մասնագիտական կրթությամբ, հնարավորություն ունեն աշխատանքի անցնել գիտության, կառավարման և այլ ոլորտներում: «Երիտասարդների համար հեշտ է նաև մատուցողի կամ վաճառողի աշխատանք գտնելը: Այսօր մատուցողի աշխատանքը շատ պահանջված է թե՛ գործատուների, թե՛ աշխատանք փնտրողների կողմից»,- ասաց Progressive Knowlage աշխատանքի տեղավորման գործակալության աշխատակցուհին: Աշխատանք փնտրող մարդկանց տարիքի և մասնագիտությունների մասին,աշխատանքի տեղավորման գործակալությունների տրամադրած տեղեկությունները տարբեր էին: Սակայն կան նաև պաշտոնական տվյալներ, որոնց համաձայն՝ գործազուրկների մեծ մասը կանայք են։ Ըստ Ազգային վիճակագրական ծառայության կողմից այսօր հրապարակված տվյալների, 2012թ. հունիսի վերջի դրությամբ պաշտոնապես գրանցված գործազուրկների 67.4 տոկոսը կանայք են, 32.6 տոկոսը՝ տղամարդիկ: Աշխատանք փնտրող անձանց թիվը հանրապետությունում գերազանցել է 77004-ը, որոնցից 704-ը պարտադիր զինվորական ծառայություն անցածներ են, 35876-ը՝ բանվորներ, 2128-ը՝ շրջանավարտները, 594-ը՝ միջին մասնագիտական կրթություն ունեցող անձինք, և այլն: Նրանցից աշխատանքով է ապահովվել միայն 5573-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս