«Գաֆէսճեան» կենտրոնը կհարստանա նոր քանդակներով (լուսանկարներ)
«Գաֆէսճեան» արվեստի կենտրոնը նախապատրաստվում է նոր ստեղծագործություններ ներգրավել հավաքածուի մեջ: Արվեստի կենտրոնի պուրակում նախապատրաստական աշխատանքներ են ընթանում: Արվեստի նոր նմուշները բերվելու են աշխարհի տարբեր ծայրերից: Ամերիկացի Ուիլյամ Ալենի (William Allen), Ալբերտ Յանգի (Albert Young), Օտտո Ռիգնի (Otto Rigan) Ռեբեքա Ուելցի (Rebecca Welz), շվեյցարացի Ֆրանսիզ Շաբլոյի (Franciz Chabloz), Ժաոհուի Լիուի (Zhaohui Liu), և այլ հայտնի արվեստագետների աշխատանքներն արդեն ցուցադրվում են «Գաֆէսճեան» արվեստի կենտրոնում: Քանդակները, բացի «Գաֆէսճեան» արվեստի կենտրոնից և նրան հարող քանդակների պուրակից, ցուցադրվում են նաև «Հաղթանակ» զբոսայգու՝ «Գաֆէսճեան» արվեստի կենտրոնին պատկանող տարածքում: Երկու օր առաջ արվեստի կենտրոնը համալրվեց նոր հավաքածուով: Հավաքածուի զարդն է համարվում վարդագույն Օրքիդեան, որն իր գույնի և կիսաթանկարժեք քարերի շնորհիվ հաճելի երանգ է հաղորդում Կասկադի սալահատակի և պատերի միապաղաղ գույնին: Նոր և հետաքրքիր քանդակ է տեղադրվել նաև «Հաղթանակ» զբոսայգուն հարող տարածքում: Այդտեղ է գտնվում անգլիացի քանդակագործ Ջիմ Անսուորթի (Jim Unsworth) «Կրկես» մոնումենտալ քանդակների խումբը, որը կառուցված է երկաթից և պողպատից: Կրկեսային արենայի վրա կանգնած են 3 փղեր՝ հայր փիղը, մայր փիղը, նրանց ձագուկը: Արվեստի կենտրոնի PR մենեջեր Լիլիթ Սոխակյանի տեղեկացմամբ` շուտով արվեստի կենտրոնը կհամալրվի աշխարհահռչակ քանդակագործ Ֆերնանդո Բոտերոյի նոր՝ «Ծխող կինը» քանդակով: