Սիրադեղյանի շուրջ ակտիվությունը ԵՀՄՖ-ն կօգտագործեր նրան կալանելու համար
Եվրոպայի Հայկական Միությունների Ֆորումի (ԵՀՄՖ) մամլո քարտուղարությունը տարածել է հայտարարություն, որում արձագանքում է վերջերս հայաստանյան մամուլում և facebook-ի էջերում քննարկվող՝ Վանո Սիրադեղյանին Հայաստան հետ բերելու հարցին: Ստորև ներկայացնում ենք հայտարարությունը.
«Եվրոպայի Հայկական Միությունների Ֆորումի (ԵՀՄՖ) մամլո քարտուղարությունից հայտնում են, որ վերջերս facebook-ի էջերում և մամուլում քննարկվում է Վանո Սիրադեղյանի Հայաստան հետ բերելու հարցը:
Ըստ ԵՀՄՖ-ի նախագահ Աշոտ Գրիգորյանի, պետք է օգտագործել այդ անձի շուրջ տեղի ունեցող ակտիվացումը և, անկասկած, նրան վերադարձնել Հայաստան` անմիջապես ձեռնակալներ հագցնել ու դատարանի դահլիճ տեղափոխել:
Անկասկած, արդարադատության ճիշտ կիրառման դեպքում նա կարժանանա ցմահ բանտարկության՝ իր կողմից կազմակերպված աղմկահարույց սպանությունների համար: Սա բոլորին հայտնի փաստ է, որի մասին շատ է գրվել և գլխավոր դատախազությունում կուտակվել են՝ տասնյակ հատորներում ամփոփված նյութեր:
ԵՀՄՖ-ի նախագահ Աշոտ Գրիգորյանը նկատում է. «Սակայն այն փաստը, որ սիրադեղյանների կողմից Հայաստանից վտարվել են հսկայական թվով ակտիվ գործիչներ, նշում եմ ակտիվ գործիչներ և որի հիման վրա սկսվել է մեծ արտագաղթը` վերածվելով «սպիտակ ջարդի», սրա մասին քիչ է խոսվել ու խոսվում: Բերեմ կոնկրետ իմ օրինակը: Շատերը գիտեն, որ ես ընտանյոք հանդերձ 1993թ-ի փետրվարին հեռացել եմ Հայաստանից` այդ հանցագործի կողմից հանձնարարված բանդայի միջոցով առևանգվելուց հետո, երբ իմ առաջ դրվեց պայման՝ հեռանալ երկրից: Եթե իմ նման գործիչների վրա ճնշումներ էին գործադրվում երկրից հեռացնելու պահանջով, ապա այլ հարյուր հազարավորները երկիրը լքեցին համանման ճնշումներից խուսափելու նպատակով: Վաղուց անցել է այն պահը, որ Սիրադեղյանը պետք է պատասխան տար իր և իր բանդաների կողմից կատարած հանցագործությունների համար: Այսօր նրա համախոհները` լտպ-ն և ՀՀՇ-ականները ոչ միայն փորձում են ռեաբիլիտացվել և մաքրել իրենց դեմքին կուտակված կեղտաշերտը, այլև լկտիաբար հրապարակավ փորձում են վերականգնել իրենց նախկին գործընկերոջ կարգավիճակը»:
ԵՀՄՖ-ը կոչ է անում օգտագործելով իրավիճակն իսկապես Հայաստան վերադարձնել Ինտերպոլով հետախուզվող այդ միջազգային հանցագործին և դատել: Արտերկրում գտնվող այդ հանցագործի կողմից տասնյակ տուժածներ, հավատացեք, պատրաստ են աներկբայորեն հայտնվել դատարանում և տալ բազմաթիվ ցուցմունքներ, որոնց արդյունքում նախատեսվող պատիժն, անկասկած, կհասցվի առավելագույնի»,- ասված է ԵՀՄՖ-ի մամլո քարտուղարության տարածած հայտարարության մեջ: