Սիրիական զորքերը հայտարարում են Հալեպի նոր շրջաններ ազատագրելու մասին
Սիրիայի ազատ բանակի ամենաուժեղ թևը համարվող Լիվա ալ Թևհիթ խմբավորումը հայտարարել է, որ կարողացել է Հալեպ 300 հոգանոց ջոկատ մտցնել:
Խումբն աջակցելու է արդեն շուրջ մեկ շաբաթ կառավարական զորքերի դեմ պայքարող ընդդիմադիր զինյալներին:
Ըստ թուրքական Haber 7 կայքի, խումբը նախ նամազ է արել, ապա երդվել ու մտել Հալեպ:
Խմբի ղեկավարներից Յուսուֆ Սաբահ էբու Սելմոն հայտարարել է, որ իրենց նպատակը շարունակում է մնալ Ասադի տապալումը:
«Մենք այդ ուժն ունենք, սակայն վախենում ենք վնասել Հալեպի խաղաղ բնակչությանը, դրա համար մեր ողջ ուժը չենք ցուցադրում: Սակայն ամեն դեպքում մենք գրավելու ենք Հալեպը: Ասադի զինվորներին մաքրելու ենք այնտեղից: Նրա անկումից հետո քաղաքացիական և իսլամական պետություն ենք ձևավորելու»,-հայտարարել է նա:
Մինչդեռ BBC-ի ռուսական ծառայությունն հայտնում է, որ կառավարական զորքերը վերագրավել են Հալեպի Սալահ էդ Դին շրջանը: ՄԱԿ-ի առաքելության նոր ղեկավար Բաբակար Գեյը հաղորդել է Հալեպում բռնությունների նոր ալիքի մասին: Երեկ հարձակման է ենթարկվել Հալեպ ուղևորվող ՄԱԿ-ի զրահամեքենաների շարասյունը: Բոլոր մեքենաները ոչնչաղցվել են, սակայն զոհ չի եղել:
Երեկ գիշեր Հալեպում շարունակվել են ռազմական լայնածավալ գործողությունները: Ականատեսները պատմել են, որ քաղաքի որոշ թաղամասեր շարունակում են ռմբակոծվել տանկերով և ռազմական ուղղաթիռներով:
Կատաղի մարտերը շարունակվում են նաև Սախուր թաղամասում: Տեղեկություններ կան այն մասին, որ կառավարական զորքերը հերթական մեծ գործողությունն են նախապատրաստում` այս շրջանից զինյալ ընդդիմադիրներին «մաքրելու» համար: