
ՏԻՄ ընտրությունների թեկնածուների գրանցումը՝ օգոստոսի 5-ից

Արարատի, Արմավիրի, Շիրակի, Լոռու եւ Սյունիքի մարզերի տեղական ինքնակառավարման մարմինների սեպտեմբերի 9-ին կայանալիք ընտրություններում թեկնածուների գրանցման փաստաթղթերը ընտրատարածքային ընտրական հանձնաժողով պետք է ներկայացվեն օգոստոսի 5-ից 10-ն ընկած ժամանակահատվածում: Այս մասին տեղեկանում ենք Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքից:
Թեկնածուների գրանցումը կատարվելու է օգոստոսի 10-ից 15-ն ընկած ժամանակահատվածում: Այս մարզերի տեղական ինքնակառավարման համայնքների ղեկավարների ընտրություններում նախընտրական քարոզարշավը մեկնարկելու է օգոստոսի 22-ից մինչեւ սեպտեմբերի 7-ն ընկած ժամանակահատվածում:
Հիշեցնենք, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն արդեն հայտարարել է, որ Գյումրիում կայանալիք ընտրություններին իրենք առաջադրելու են Սամվել Բալասանյանի թեկնածությունը, Վանաձորում` Էդիկ Կարախանյանին: ՀՅԴ-ն Գյումրիում առաջադրելու է Շիրակի մարզպետարանի ֆինանսատնտեսական վարչության պետի տեղակալ Հովսեփ Սիմոնյանի թեկնածությունը: Գյումրիի գործող քաղաքապետ Վարդան Ղուկասյանը առայժմ չի հայտարարել ընտրություններում իր առաջադրման մասին, սակայն բազմիցս պնդել է, որ առաջադրելու է իր թեկնածությունը: