Իրանի պատժամիջոցների շուրջ նոր օրինագիծ է մտել Կոնգրես
ԱՄՆ Կոնգրեսի Վերին և Ստորին պալատները համաձայնության են եկել Իրանի նկատմամբ պատժամիջոցների ընդլայնմանը վերաբերող համատեղ օրինագծի շուրջ: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը: Սպասվում է, որ փաստաթուղթը քվեարկության կդրվի Ներկայացուցիչների պալատում և Սենատում` մինչ «խորհրդարանական արձակուրդը», որը սկսվելու է օգոստոսի 6-ից:
Կոնգրեսի Վերին և Ստորին պալատները 2012-ի գարնանն ընդունել էին Իրանի նկատմամբ պատժամիջոցների սեփական օրինագծեր, որից հետո զբաղվել էին փոխզիջման փաստաթղթի համաձայնեցմամբ:
Պատժամիջոցների նոր փաթեթը, որը հավանության է արժանացել երկու պալատների կողմից, նախատեսում է պատիժ իրանական նավթի գնման համար, որի վաճառքից ստացված հասույթը Թեհրանը, ինչպես կարծում են արևմտյան երկրները, օգտագործում է միջուկային զենք ստեղծելու ծրագրի վրա: Իրանը բազմիցս հայտարարել է, որ միջուկային ծրագիրը կրում է բացառապես խաղաղ բնույթ:
ԱՄՆ-ը խստացրել էր Իրանի նկատմամբ պատժամիջոցները 2012-ի սկզբին: Նման որոշում է ընդունել նաև Եվրամիությունը` հուլիսի 1-ից դադարեցնելով իրանական նավթի գնումը:
Մասնագետների գնահատականներով` միջազգային պատժամիջոցների պատճառով հունիսին Իրանում նավթի արդյունահանման ծավալներն ընկել են` 20 տարվա ընթացքում հասնելով նվազագույնի: