
Մանանեխ` ընթրիքից առաջ

ԱՄՆ նախագահական ընտրություններում Հանրապետական կուսակցության թեկնածու, Մասաչուսեթսի նախկին նահանգապետ Միթ Ռոմնին ընտրվելու դեպքում կաջակցի Իսրայելին` Իրանի դեմ ռազմական գործողություններ իրականացնելու հարցում: Այս հայտարարությունն այսօր` Ռոմնիի Իսրայել կատարելիք այցից առաջ հրապարակել է նրա ներքին քաղաքականության և անվտանգության հարցերով խորհրդական Դենա Սենորան: Միթ Ռոմնին այսօր արդեն հանդիպել է Իսրայելի նախագահ Շիմոն Պերեսի հետ, իսկ երեկոյան հանդիպելու է վարչապետ Բենիամին Նեթանյաուին: Բացի պաշտոնական հանդիպումից, ինչպես հայտնում է Foxnews-ը, Ռոմնին տինկոջ հետ այսօր ընթրելու է Նեթանյաուի տանը: Վերջինս Մասաչուսեթսի նախկին նահանգապետի հետ ջերմ հարաբերություններ ունի դեռ 1970-ական թվականներից. նրանք այդ տարիներին միասին աշխատել են Boston Consulting Group ընկերությունում: Մյուս կողմից, ինչպես հայտնի է, Նեթանյաուն բավական լարված հարաբերություններ ունի ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ, ինչն էլ Միթ Ռոմնին ցանկանում օգտագործել` Իսրայելի ղեկավարությանը համոզելու համար, որ ինքն ավելի նախընտրելի թեկնածու է հրեական պետության և ԱՄՆ-ի հրեական համայքնի համար: