Սերժ Սարգսյանն ու Գագիկ Ծառուկյանը մասնակցել են ընդունելությանը (լուսանկարներ)

«Հայաստանը և Սփյուռքը ուժեղ են միայն իրար հետ ուս ուսի տված: Մենք Հայաստանում մեզ ավելի զորեղ ենք զգում՝ գիտակցելով մեր սփյուռքի ուժը: Վստահ եմ, որ նույն կերպ էլ դուք եք զգում Հայաստանի Հանրապետության ներկայությունը»,- հայտարարել է աշխատանքային այցով Միացյալ Թագավորությունում գտնվող  նախագահ Սերժ Սարգսյանը` հուլիսի 28-ին Բրիտանահայ համայնքային և եկեղեցական խորհրդի կողմից կազմակերպված ընդունելության ժամանակ: Այդ մասին տեղեկացնում են Հայաստանի նախագահի մամլո գրասենյակից:

Ս. Սարգսյանն ասել է, որ Մեծ Բրիտանիայի  կազմակերպված ու հետևողական համայնքը մեր կողքին է եղել 20-ամյա անկախ Հանրապետության բոլոր օրհասական պահերին: «Արցախյան գոյամարտի, երկրաշարժի, արհավիրքների ու դժվարությունների պահերին դուք զորավիգ եղաք և աջակցեցիք Հայաստանին: Դուք նպաստեցիք նրա կայացմանը, աջակցեցիք երկրի տնտեսական-քաղաքական առաջընթացին: Այսօր էլ բազում հայորդիներ սատար են կանգնում Հայրենիքին իրենց գիտելիքով ու կարողություններով, գաղափարներով և ֆինանսական ներդրումներով»,- նշել է նա: Ս. Սարգսյանն անդրադարձել է նաեւ Հայոց ցեղասպանության խնդրին. «Կարծում եմ, ձեր համայնքը մեծ ներուժ ունի, որի լիարժեք և արդյունավետ օգտագործումը հնարավորություն կտա արձանագրել նոր հաջողություններ Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման, հայ-բրիտանական հարաբերությունների զարգացման, համազգային հիմնախնդիրների լուծման ճանապարհին: Մենք շարունակելու ենք մեր միասնական գործողությունները Ցեղասպանության միջազգային ճանաչման ուղղությամբ: Վստահ եմ, որ Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցն այս առումով լինելու է շրջադարձային: Մեծ Բրիտանիայի համայնքն ունի միասնաբար և համառորեն դժվարությունները հաղթահարելու մեծ փորձ և հմտություններ: Վստահ եմ, որ շարունակելով ու զարգացնելով հայրերի ու պապերի լավագույն ավանդույթները՝ նոր սերունդը պիտի գիտակցի, որ նաև իր ուսերին է դրված հայրենիքը զորացնելու և համազգային հիմնախնդիրները լուծելու ծանր բեռը»: Խոսելով Հայրենիք-Սփյուռք գործակցության մասին` Սերժ Սարգսյանն ասել է, որ այն այսօր նոր ձև ու բովանդակություն է ստացել, դարձել է Հայաստանի Հանրապետության կարևորագույն ռազմավարական ուղղություններից մեկը: «Մեր անկախ պետականության բոլոր նվաճումները տասը միլիոն հայության աշխատանքի, պայքարի, ներդրման ու ջանքերի պտուղ են»,- հայտարարել է Սերժ Սարգսյանը` կոչ անելով ներկաներին դառնալ նաև Հայաստանի քաղաքացիներ և անմիջականորեն մասնակցել հայրենիքի կառուցման բոլոր գործընթացներին:
Նշենք, որ ընդունելությանը մասնակցել է նաև «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար, ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը, ինչը երևում է նախագահականի տարածած լուսանկարներում:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս