Բաժիններ՝

Ալբերտ Ազարյանը նեղացած վերադառնում է Հայաստան

«Ես այստեղ անելիք չունեմ. ստացվեց, որ հենց այնպես հասել եմ Լոնդոն: Եթե ես չէի տանելու Հայաստանի դրոշը, էլ ինչու եկա… Կամ` ինչո՟ւ մնամ: Վերադառնում եմ Հայաստան»,- այսօր` Օլիմպիական խաղերի երկրորդ օրը, NEWS.am Sport-ին տված հարցազրույցում հայտարարել է մարմնամարզության օլիմպիական եռակի չեմպիոն, Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայի նախագահ Ալբերտ Ազարյանը:

Բանն այն է, որ Օլիմպիական խաղերի կազմակերպիչներն արգելել էին բացման արարողության ժամանակ Ալբերտ Ազարյանին տանել Հայաստանի դրոշը: Պարզվում է, որ արգելքի պատճառը ոչ թե տարիքային սահմանափակումն է եղել, այլ այն, որ դրոշակակիրը պետք է պարտադիր լինի Խաղերի մասնակից: Այս փաստը վրդովեցրել է Ալբերտ Ազարյանին, և նա որոշել է վերադառնալ Հայաստան: Ներկայացնում ենք NEWS.am Sport-ի թղթակիցի հետ նրա հարցազրույցը Հայաստան վերադառնալուց առաջ:
– Պարոն Ազարյան, ի՞նչ տրամադրություն ունեք:
– Ոչինչ: Արդեն նորմալ է: Արդեն վերադառնում եմ: Հեռանում եմ օլիմպիական ավանից:
– Ինչո՞ւ եք վերադառնում, չե՞ք ցանկանում մինչև վերջ մնալ մեր օլիմպիականների կողքին:
– Չէ… Տրամադրություն չունեմ մինչև վերջ մնալու: Տրամադրություն չի մնացել… Միջազգային օլիմիական կոմիտեն խլեց իմ տրամադրությունը՝ ինձ արգելելով Հայաստանի դրոշը տանել:
– Իսկ ո՞րն էր այդ արգելքի իրական պատճառը, քանի որ, ըստ նախնական հայտարարության, պատճառը տարիքային սահմանափակումն էր:
– Պատճառը Միջազգային օլիմպիական կոմիտեի նոր որոշումն է, որ այսուհետև Օլիմպիական խաղերի ժամանակ մասնակից երկրի դրոշը պետք է տանի միայն մասնակիցը: Հակառակ դեպքում, կտուգանվի այդ երկիրը: Բացի մասնակցից, ոչ ոք իրավունք չունի տանել դրոշը: Այս մասին մենք իմացանք Խաղերի բացումից երկու օր առաջ, երբ արդեն այստեղ էինք` օլիմպիական ավանում: Իսկ ես եկել հասել եմ այստեղ, թե ինչի համար, չգիտեմ…  Պետք է նախապես տեղյակ պահեին, իսկ նրանք տեղյակ չեն պահել…
– Նեղացա՞ծ եք վերադառնում:
– Դա ճիշտ վերաբերմունք չէ: Եթե դրոշը տանում է անվանի մարզիկը, ով իր ամբողջ կյանքը նվիրել է սպորտին և մասնավորապես Օլիմպիական խաղերին, դա ուղերձ է մասնակիցներին, որ դուք էլ պետք է այնքան լավ մասնակցեք և ոսկե մեդալներով վերադառնաք, որ կարողանաք արժանանալ դրոշը տանելու պատվին: Հիմա Միջազգային օլիմպիական կոմիտեն, թե ինչ է գտել դրա մեջ, այդպես էլ չհասկացա: Ցանկանում եմ շուտ վերադառնալ Հայաստան: Ոչ էլ ուզում եմ հետաքրքրվեմ այս հարցերով:
– Իսկ 2008թ. Պեկինի Օլիմպիական խաղերի ժամանակ նման խնդրիներ ծագե՞լ էին:
– Ոչ մի խնդիր չենք ունեցել Պեկինում: Որոշված էր, որ ես պետք է տանեմ Հայաստանի դրոշը, այդպես էլ եղավ: Իսկ այս անգամ նույնիսկ չեն էլ նախազգուշացրել, որ դրոշակակիր մի բերեք, քանի որ մասնակիցը պետք է տանի: Ոչ մի պետության չեն զգուշացրել: Այնպես չի, որ միայն Հայաստանն է անտեղյակ եղել: Տեղում են հայտնել: Իսկ եթե իմանայի այդպես էր, ինչո՟ւ էի վեր կենում գալիս, իզուր տեղը: Դա անելու բան չէր…

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս