Skype-ը չի ընդունում ձայնագրությունները իրավապահներին հանձնելու մեղադրանքը
Skype-ը չի ընդունում, որ խոսակցությունների ձայնագրությունները իրավապահ մարմիններին է հանձնում:
Skype-ի պաշտոնական բլոգում տեղադրված հայտարարության մեջ ասվում է, որ ծառայության ենթակառուցվածքի փոփոխությունները կատարվել են բացառապես դրա հուսալիությունը բարձրացնելու և օգտագործողների հարմարավետության համար:
Սակայն հայտարարության տեքստում ասված է, որ Skype-ը հաղորդագրությունների պատմությունը «համապատասխան դեպքերում» կտրամադրի իրավապահ մարմիններին: Այս մասին տեղեկացնում է BBC World News-ի ռուսական ծառայությունը:
Ինչպես հայտնի է՝ Skype-ն այժմ պատկանում է Microsoft ընկերությանը: Եվ առաջին անգամ Microsoft-ի վերոհիշյալ մտադրությունների նկատմամբ մտավախություններ հայտնվեցին ավելի քան 1 տարի առաջ, երբ ազդեցիկ Conceivablytech բլոգը տեղեկացրեց, որ ընկերությունը հայտ է ներկայացրել ԱՄՆ-ում Legal Intercept տեխնոլոգիան պատենտավորելու համար: Այս տեխնոլոգիան թույլ է տալիս օգտատերերի համար աննկատ ձայնագրել նրան խոսակցությունները:
Բլոգի հեղինակները նշում էին, որ փաստաթղթում հիշատակվում էին « Skype –ը և նմանօրինակ հավելվածները»: Եվ սա այն դեպքում, երբ հայտը ներկայացվել էր դեռ 2009 թվականին՝ Microsoft-ի կողմից Skype-ը գնելու գործարքից 17 ամիս առաջ:
Հիշեցնենք, որ Microsoft-ը Skype-ը գնեց 8.5 մլրդ դոլարով: