Բաժիններ՝

10 լավագույն PR նախաձեռնությունները Հայաստանում (լուսանկարներ)

Այսօր՝ հուլիսի 28-ը, PR-ի և PR մասնագետների օրն է: Ինչպես 168.am-ին տեղեկացնում են «ՓիԱր-ի Զարգացման Հայկական Կենտրոնից»` այս տարի ամենամյա «աPRես» PR մրցանակաբաշխությունը չի կայանա` «Բրենդ Այգի» նախագծի իրականացման աշխատանքների հետ կապված: Սակայն «ՓիԱր-ի Զարգացման Հայկական Կենտրոնը» PR-ի մասնագիտական տոնի առթիվ, ամփոփել է անցնող PR տարին և ներկայացնում է 10 ամենատպավորիչ և լայն արձագանք ստացած PR նախաձեռնությունները, որոնք այս կամ այն կերպ առնչվում են հայ իրականության մեջ հասարակական կարծիքի ձևավորմանը և կարևոր նշանակությունն ունեն Հայաստանում PR-ի կայացման գործում:
Դրանք են.

1. «Ես գիտեմ» իրազեկման արշավը: Նախաձեռնությունը հասարակությանը տեղեկացնում էր տարբեր ոլորտների բարեփոխումների մասին (Լավագույն տեղեկատվական արշավ):

2. Թատերագիր Վահրամ Սահակյանը կազմակերպեց «արյունոտ կիրակի» և ցույց տվեց, թե որքան արագ կարելի է տարածել սկանդալային բնույթի ինֆորմացիան (Սկանդալային PR):

3. Իրենց հաղթանակը տոնեցին Մաշտոցի պուրակի համար պայքարող բնապահպաններն ու բազմաթիվ քաղաքացիներ (Լավագույն բնապահպանական ակցիա):

Կարդացեք նաև

4. PanARMENIAN.Net-ի կողմից ֆեյսբուքում տեղադրված Արցախի խորհրդանիշ «Տատն ու պապը» արձանի յուրօրինակ նկարը արագորեն գրավեց շատերի ուշադրությունը` արժանանալով 3000-ից ավելի«Like»-երի (Ազգային խորհրդանիշի ամենայուրօրինակ ներկայացում):

5. Սիրահարների այգում, մայիսի 31-ին` ծխախոտի դեմ պայքարի համաշխարհային օրը, տեղի ունեցավ բացօթյա ծխից ազատ գոտու բացման միջոցառումը (Լավագույն առողջապահական նախաձեռնություն):

6. Անսպասելիորեն կենդանացավ կինո «Մոսկվայի» սարդը` դառնալով օրվա հերոս: Այս «վիրուսային» տեսահոլովակը կարճ ժամանակում ապահովեց դիտումների մեծ թիվ youtube-ում (Լավագույն «վիրուսային» տեսահոլովակ):

7. Հունիսի 17-ին նորաձևության գնացքը ժամանեց կայարան: Տեղի ունեցավ դիզայներ Արամ Նիկոլյանի «Երևան» հավաքածուի ցուցադրությունը հենց երկաթուղային կայարանում (Նորաձևության ինքնատիպ մատուցում):

8. Երևանի քաղաքապետարանի և «Ժպտա Երևան» ծրագրի համատեղ նախաձեռնությամբ Մարտիրոս Սարյանի «Իմ բակը» կտավի խճանկար-պաննոն բացվեց Մոսկովյան 36 հասցեում (Հայ արվեստի լավագույն մատուցում):

9. Լույս աշխարհ եկավ «Վանա ծովուն արշալույսը» ֆիլմը, որում մեկ ընտանիքի պատմությամբ ներկայացվում է ողջ հայ ժողովրդի և Ցեղասպանության ազդեցության թեման (Դրական հասարակական կարծիք ձևավորող լավագույն ֆիլմ):

10. Երևանում` ԵՃՇՊՀ-ի ետնաբակերից մեկում, անակնկալ կերպով հայտնվեց հայ երիտասարդների կողմից արված 3D նկարը: Նկարն արժանացավ բազմաթիվ դրական գնահատականների ու խոսքերի (Լավագույն քաղաքային անակնկալ):

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս