Միջին Արևելքի գաղութների պահպանումը մեր առաջնահերթությունն է
Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Կաթողիկոսը շարունակում է կապի մեջ մնալ Սիրիայի հայ համայնքի հոգևոր պատասխանատուների հետ և հետևել նրանց աշխատանքներին, այդ մասին տեղեկացնում է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության տեղեկատվական ծառայությունը:
Տեղեկանալով որոշ ընտանիքների տնտեսական դժվարությունների մասին, վեհափառը գումար է հատկացրել Ազգային Առաջնորդարանին` սննդի և այլ անհրաժեշտ կարիքների համար:
Նա կարևորել է Սիրիայի հայ համայնքի գործնականապես նեցուկ կանգնելու անհրաժեշտությունը:
«Միջին Արևելքի գաղութների կենսունակ ու կազմակերպ պահպանումը առաջնահերթություն է` ելնելով մեր ազգի ընդհանրական ու գերագույն շահերից: Լիբանանի հայությունը լիբանանյան ահավոր պատերազմի օրերին, շնորհիվ հավաքական կամքի, հավատի ու միասնականության, կանգուն մնաց: Նույնը պետք է կատարի նաև Սիրիայի հայությունը: Այժմ զգացական հայտարարություններ անելու ժամանակը չէ: Պետք է զորավիգ դառնալ Սիրիայի հայությանը, որպեսզի նա կարողանա հաղթահարել դժվարությունները»,- ասել է Վեհափառը:
Կաթողիկոսարանի մամուլի ծառայությունից տեղեկացնում են նաև, որ Արամ Ա-ն հանձնարարել է Կիլիկիան Կաթողիկոսության թեմերին` նյութական աջակցություն ապահովել Սիրիայի ազգային վարժարանների համար: