Հայտնաբվերել են մաքսանենգության դեպքեր
2012թ. 1-ին կիսամյակի ընթացքում ՊԵԿ տարբեր ստորաբաժանումների կողմից հայտնաբերվել է մաքսանենգության և մաքսային կանոնների խախտման 125 դեպք` մոտ 422 մլն դրամ գումարի չափով, որից 140 մլն դրամի մասով կազմված նյութերը մաքսանենգության հատկանիշներով ուղարկվել են նախաքննության մարմիններ:
ՊԵԿ մամուլի ծառայությունից հայտնում են, որ մաքսանենգության և մաքսային կանոնների խախտման 125 դեպքերից 14-ը հայտնաբերվել են Մաքսանենգության դեմ պայքարի և կրկնակի մաքսային հսկողության վարչության, 38-ը` Հետբացթողումային հսկողության վարչության, 68-ը` ՊԵԿ այլ ստորաբաժանումների, իսկ 5-ը` Ազգային անվտանգության ծառայության կողմից:
Լրագրողների հետ հանդիպմանը ՊԵԿ Մաքսանենգության դեմ պայքարի և կրկնակի մաքսային հսկողության վարչության պետ Սամվել Սանամյանը տեղեկացրել է, որ 15-օրյա ժամկետում հետաքննության մարմինների կողմից վերականգնվել է մոտ 35 մլն դրամ, գանձվել են մոտ 110 մլն դրամի մաքսային վճարներ: Կանխվել է սահմանված 5 մլն դրամը գերազանցող մոտ 20 հազար ԱՄՆ դոլարի և 2 կգ ոսկյա իրերի անօրինական արտահանումը: 2012-ի առաջին կիսամյակում ՊԵԿ Քննչական վարչությունում քննվել է 26 քրեական գործ, որոնցից 8-ը եղել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության վերաբերյալ:
«Իրականացված միջոցառումների արդյունքում կանխվել է ավելի քան 28 գրամ «մետամֆետամին» տեսակի թմրամիջոցի ներկրումը Հայաստանի Հանրապետություն (համաձայն ՀՀ Քրեական օրենսգրքի Հավելված 1-ի` մետամֆետամինի 1,5 գրամը համարվում է առանձնապես խոշոր չափ): Օրերս կանխվել է նաև ավելի քան 25 գրամ «մարիխուանա» տեսակի թմրամիջոցի ներկրումը հանրապետություն: Ի դեպ, նկատվում է փոստային առաքումների միջոցով թմրամիջոցների մաքսանենգության աճ, սակայն օրինախախտները հաշվի չեն առնում, որ Հայաստանի մաքսային մարմինները վերազինված են արգելված ապրանքներ հայտնաբերող ժամանակակից սարքավորումներով, ինչպես նաև` այդ ապրանքները հայտնաբերող մասնագիտացված շներով»,- ընդգծել է Սամվել Սանամյանը:
Մաքսանենգության դեմ պայքարն ավելի արդյունավետ դարձնելու կարևոր ուղղություններից մեկն էլ միջազգային համագործակցությունն է` ինչպես ԱՊՀ, այնպես էլ եվրոպական պետությունների հետ. «Այս տարվա ընթացքում, մասնավորապես, սահմանների համալիր կառավարման գործում փորձի փոխանակման և ուսուցողական մի շարք այցեր են կազմակերպվել Խորվաթիա և Ռուսաստան: ՊԵԿ մասնագետներն Ուկրաինայում մասնակցել են նաև թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի աշխատանքային խմբի հերթական հանդիպմանը: Իսկ «EXBS» ծրագրով ՊԵԿ-ի 6 աշխատակից ԱՄՆ-ում մասնակցել են զանգվածային ոչնչացման զենքի ապօրինի տեղափոխման կանխարգելմանն ուղղված իրազեկման միջոցառումների»,- տեղեկացրել է Մաքսանենգության դեմ պայքարի և կրկնակի մաքսային հսկողության վարչության պետը:
Մաքսանենգության և մաքսային կանոնների խախտումների հայտնաբերման գործում վարչությունը համագործակցում է նաև բոլոր շահագրգիռ գերատեսչությունների և կազմակերպությունների հետ, այդ թվում` Ազգային անվտանգության ծառայության, Ոստիկանության, ՄԱԿ-ի «Հարավային Կովկասում սահմանների համալիր կառավարման» ծրագրի, «Ինտերպոլ-Հայաստանի» և այլն: Միաժամանակ շարունակվում է ակտիվ համագործակցությունը եվրոպական և ԱՊՀ անդամ-երկրների մաքսային ծառայությունների հետ. ուղարկվել և ստացվել են բազմաթիվ հարցումներ, ինչը ևս հանգեցրել է մաքսային կանոնների խախտման և մաքսանենգության հայտնաբերման արդյունավետության բարձրացման: ԱՊՀ անդամ երկրների մաքսային ծառայությունների ղեկավարների խորհրդի իրավապահ ստորաբաժանումների ղեկավարների կոմիտեի շրջանակներում ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր ՌԴ մաքսային ակադեմիայի իրավապահ գործունեության ինստիտուտի հետ, համաձայն որի` ՀՀ ԿԱ ՊԵԿ Մաքսանենգության դեմ պայքարի և կրկնակի մաքսային հսկողության վարչության աշխատակիցները վերապատրաստման դասընթացներ կանցնեն նշված բուհում: