
Հալեպի համար կատաղի մարտեր են ընթանում

Սիրիայում սաստկացել են մարտերը կառավարական զորքերի և ընդդիմադիր զինյալների միջև երկրի մեծությամբ երկրորդ քաղաք Հալեպի համար: Կառավարական զորքերն օգտագործել են նաև մարտական ուղղաթիռներ, հաղորդում է ռուսական Vesti.ru-ն:
Սիրիական կառավարական ուժերն այսօր վերսկսել են ընդդիմադիրների դիրքերի զանգվածային հրետանային ու հրթիռային գնդակոծությունը 2 միլիոնանոց Հալեպում: Մինչդեռ նախկինում հաղորդվում էր, որ ընդդիմադիր ուժերին հաջողվել է գրավել քաղաքի մի քանի թաղամասեր:
Ազատագրման համար քաղաքին են մոտեցվում մեծաքանակ կառավարական զորքեր, ինչպես նաև` ծանր զինատեսակներ ու տանկեր. հաղորդում է «Ինտերֆաքսը»: Այս կապակցությամբ ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Վիկտորյա Նուլանդը լրագրողներին երեկ հայտարարել է, թե իրենք մտահոգ են, որ Հալեպում կոտորածներ կլինեն: Նա մտահոգություն է հայտնել, որ ռազմական գործողությունների հետևանքով Հալեպի պատմական կենտրոնը, որն ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի պատմական ժառանգության ցանկի մեջ, լրջորեն կարող է վնասվել: Հակամարտող երկու կողմերն էլ հայտարարում են, որ Հալեպի համար մարտերը կարող են ամենակատաղին դառնալ հակամարտության սկզբից ի վեր: