Բաց նամակ ՀՀ նախագահին ՀԱԿ ակտիվիստների դատապարտման կապակցությամբ

Պարոն Սերժ Սարգսյան

Ես իմ կյանքի լավագույն տարիները, ժամանակին անցկացրեցի խորհրդային բանտերում ու աքսորավայրերում այն բանի համար, որ Հայաստանը անկախ երկիր դառնա եւ, որ ես, հարկ եղած դեպքում, Հայաստանի Հանրապետության Նախագահի անունով նամակ կամ դիմում գրելու հնարավորություն ունենամ: Հետեւում են մնացել իմ ազատազրկման տարիները: Քսան տարուց ավել է, ինչ ապրում եմ Անկախ հռչակված Հայաստանում, բայց Ձեզ այսօր դիմելիս չեմ կարողանում գրել՝ ՀՀ Մեծարգո Նախագահ, եւ սա ինձ ցավ է պատճառում: Ցավում եմ, բայց 2008թ. խնդրահարույց նախագահական ընտրությունները, 2008թ մարտի մեկը, եւ դրան հաջորդող Ձեր կողմից իրականացվող քաղաքական հետապնդումներն ու բռնություններն ինձ թույլ չեն տալիս այդկերպ դիմել Ձեզ:

Բայց, պարոն Սարգսյան, անկախ Ձեր նկատմամբ ունեցած իմ վերաբերմունքից, Դուք եք այսօր զբաղեցնում ՀՀ Նախագահի աթոռը: Ձեզանից չափազանց շատ բան է կախված: Մեր այս փոքրիկ երկրում Դուք իշխան էք: Դուք օրենքներից դուրս եւ օրենքներից վեր եք: Եթե միահեծան իշխանության մասին Ձեր պատկերացումներն այսպիսին են եղել կամ այսպիսին են, ապա դուք Ձեր պատկերացումների սահմանին եք: Այս երկրում Դուք կարող եք ամեն ինչ: Այս երկրում ամեն ինչ կախված է Ձեզանից ու պայմանավորված է Ձեզանով: Ես, որպես այս երկրում ապրող երկարամյա իրավապաշտպան եւ Դուք, որպես այս երկրի երկարամյա իշխանավոր հավասարաչափ գիտենք, որ մեզանում չկա եւ քանի դեռ Դուք չեք ցանկացել, չի կարող լինել արդարադատություն ու անկախ դատարան: Սա այբբենական ճշմարտություն է: Այս իրողությունը հաշվի առնելով է, որ ես՝ ի պաշտպանություն ՀԱԿ-ի երիտասարդների, Ձեզ եմ գրում:

Պարոն Սարգսյան, բոլորս, այդ թվում եւ Դուք, գիտենք, որ դատարանի առջեւ կանգնած այս երտասարդներն իրենց էությամբ հանցագործներ չեն: Սա երեւի ամենակարեւոր հանգամանքն է: Բոլորս գիտենք, որ դատարանը նրանց մեղավորությունն ապացուցող որեւէ փաստ չհայտնաբերեց: Բոլորս գիտենք, որ նրանք, երկրի վիճակով ու ճակատագրով մտահոգ խոստումնալից երիտասարդներ են՝ երիտասարդական ավյունով ու երիտասարդներին յուրահատուկ մաքսիմալիզմով լցված: Բոլորս գիտենք, որ լավ է, երբ երիտասարդն ունի հասարակական ու քաղաքական հետաքրքրություններ: Ավելորդ վերամբարձ խոսքեր ասելն իմաստ չունի: Դիմում եմ Ձեզ, որպես մարդու:

Պարոն Սարգսյան, այս երիտասարդները Ձեր երեխաների տարիքի են, գուցե՝ ավելի փոքր: Նրանց եւ դատարանը, եւ դատավորը անձամբ Դուք եք: Հակառակն ապացուցել Դուք չեք կարող: Իմաստ էլ չունի: Ձեզ չեն հավատա: Ինչպե՞ս եք կարողանում Դուք Ձեր երեխաների տարիքի այս անմեղ երտասարդներին, միայն այն պատճառով, որ ընդդիմադիր հայացքների տեր են, նման թեթեւությամբ բանտ ուղարկել: Քրեական աշխարհ ուղարկել:

Ի տարբերություն բազմապիսի դատարկաբան- դուրսպրծուկների, Դուք այս պետության կերտման ու կայացման ամենագործուն մասնակիցներից մեկն եք: Ինչպե՞ս եք կարողանում այդքան թեթեւությամբ՝ ընտրություններ կեղծելով, արդարադատությունը աղավաղելով, քրեական տարրերին քաղաքականություն ներքաշելով, օլիգարխներին հովանավորելով կործանել այն գործը, որին տարիներ եք նվիրաբերել: Եթե, պարոն Սարգսյան, տարիների Ձեր աշխատանքը չեք ափսոսում, ափսոսացեք գոնե Ձեր երեխաների ու թոռների ապագան: Անկասկած է, որ ոչինչ հավերժ չէ: Հավերժ չի կարող լինել նաեւ Ձեր իշխանությունը: Ուրեմն, գոնե մի պահ առաջնորդվեք ոչ թե այսրոպեական քաղաքական սուտ նպատակահարմարությամբ ու վրեժխնդրությամբ, այլ ողջախոհությամբ: Նրանք, պարոն Սարգսյան, ձեր իշխանության ավարտից հետո պետք է անկաշկանդ ապրելու եւ արարելու իրավունք ունենան: Նրանք չպետք է աչքերը խոնարհեն Ձեր իշխանության տարիներին տեղի ունեցած ու ունեցող անարդարությունների, հալածանքների, բռնությունների, նաեւ այս երիտասարդների անհիմն ու կամայական դատապարտման համար: Պատմությունը նույնպես գիտություն է, պարոն Սարգսյան: Այդ գիտությունն անընդհատ ապացուցում է, որ հաճախ քաղաքական հետապնդումներ կազմակերպողների սերունդներն իրենց նախորդի դատապարտելի քայլերի պատճառով խեղվում են, չեն կարողանում անկաշկանդ ապրել ու արարել, մեղքի զգացումը ճնշում է նրանց: Մի հրաժարվեք դասեր քաղել պատմությունից: Ես կուզենայի, որ ապագա մեր երկիրն այնպիսին լիներ, որ եւ Ձեր, եւ մեր զավակները հաշտ ու խաղաղ ապրեին ու արարեին: Դրա համար այսօր Դուք կարող եք անել Ձեր բաժին բազմաթիվ քայլերից մեկը: Դուք պետք է Ձեզ կամքին հնազանդ դատարանին հանձնարարեք ազատ արձակել այս անմեղ երիտասարդերին:

Առջեւում նախագահական ընտրություններն են: Մարդիկ Ձեզ շատ բան ներել չեն կարող: Եւ կեղծված ընտրությունները, եւ մարտի մեկի արյունը, եւ քաղբանտարկյալների բանտերում անցկացրած տարիները, եւ ոստիկանական բռնություններն ու հալածանքները, եւ օլիգարխների սանձարձակությունները, եւ նվաստացուցիչ ընտրակաշառքները, բայց մեկ, թեկուզ չնչին մարդկային քայլը շատ բան կարող է փոխել:

Այսօր Դուք մեկ ավելորդ մեղք չգործելու հնարավորություն ունեք եւ ես Ձեզ կոչ եմ անում օգտվել այդ հնարավորությունից: Ազատ արձակեք այս երիտասարդներին: Վերջ տվեք քաղաքական բռնություններին ու ոստիկանական հալածանքներին: Մի քիչ թեթեւացած գնացեք դեպի նոր նախագահական ընտրություններ: Ո՞վ գիտի, այս անգամ գուցե բախտը Ձեզ ժպտա եւ ստիպված չլինեք հանուն իշխանության մարտի մեկ իրականացնել:

 

 Խորհրդային տարիների քաղբանտարկյալ, իրավապաշտպան

Վարդան Հարությունյան

 

Տեսանյութեր

Լրահոս