Հումք արտահանող երկիր ենք
ՀՀ Պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է ՀՀ արտաքին առևտրի կառուցվածքին վերաբերող տվյալներ։ Դրանք կրկին անգամ վկայում են այն մասին, որ խոսակցությունները, թե շուտով Հայաստանը կդառնա պարզապես հումք մատակարարող երկիր, ժամանակավրեպ են։ Հայաստանն արդեն իսկ հումք մատակարարող երկիր է։
Ըստ ՊԵԿ տեղեկանքի, 2012թ. առաջին կիսամյակում արտահանման ծավալը կազմել է 624 միլիոն դոլար, որից 178.5 միլիոնը բաժին է ընկնում հանքանյութերին։ Դա կազմում է արտահանման ամբողջ ծավալի 28.6%-ը։ Երկրորդ տեղում ոչ թանկարժեք մետաղներն են` 26.5%։ Տեսակարար կշռով երրորդ տեղում սննդամթերքն է (ներառյալ`խմիչքն ու ծխախոտը)` 17.4%։ Եվ. վերջապես, արտահանման կառուցվածքում կարևոր տեղ են զբաղեցնում թանկարժեք և ոչ թանկարժեք քարերն ու մետաղները` 13.2%։
Փաստորեն, եթե ընդհանրացնենք, ապա արտահանվող 20 ապրանքային խմբերից արտահանման ողնաշարը կազմում են վերը նշված չորսը։ Դրանք միասին կազմում են ողջ արտահանման 85.7%-ը։
Համեմատության համար նշենք նաև, որ, օրինակ, մեքենաների, սարքավորումների և մեխանիզմների արտահանման ծավալն այս տարվա առաջին եռամսյակում կազմել է ընդամենը 24.6 միլիոն դոլար կամ ողջ արտահանման 3.9%-ը։