
Կոնգրեսականները ողջունում են Ղարաբաղի ընտրությունները

Ամերիկացի մոտ մեկ տասնյակ կոնգրեսականներ, այդ թվում` Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի երկու համանախագահներ Էդ Ռոյսը եւ Ֆրենկ Փալոնը, Հովարդ Բերմանը, Բրեդ Շերմանը, Ադամ Շիֆը, Ջիմ Քոսթան, Դեյվիդ Սիսիլինին, Աննա Էշուն եւ Ջեքի Սփայերը, ողջունել են հուլիսի 19-ին Լեռնային Ղարաբաղում անցկացված նախագահական ընտրությունները։ Այս մասին տեղեկացնում է «Ազատություն» ռադիոկայանը:
Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակի փոխանցմամբ, հայամետ կոնգրեսականները իրենց հայտարարություններում ընդգծել են, որ ընտրությունները բարձր գնահատականի են արժանացել շուրջ 110 միջազգային դիտորդների կողմից։
Ամերիկացի օրենսդիրները շնորհավորել են Լեռնային Ղարաբաղի ժողովրդին` ժողովրդավարական ազատ եւ արդար ընտրություններ անցկացնելու, Բակո Սահակյանին` նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ, եւ հաջողություն են մաղթել Ղարաբաղին դեպի անկախություն իր ճանապարհին` վերահաստատելով այդ հարցում ամենայն աջակցություն ցուցաբերելու իրենց պատրաստակամությունը։