Հանուն փոխնախարարի պաշտոնի

ՀՀ ներքին գործերի նախկին նախարար Վանո Սիրադեղյանի նախկին թիկնազորի պետ Սուրեն Սիրունյանն այսօրվա ասուլիսում հետաքրքիր դրվագ պատմեց ՀԱԿ անդամ, ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանի կենսագրությունից:  «Մի բան հարցնեմ` ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանին ձեռնտո՞ւ է, որ Վանո Սիրադեղյանը վերադառնա Հայաստան»: Ի պատասխան` լրագրողներից մեկն ասաց. «Այո՛, նա հայտարարել է, թե ինքը շատ է ցանկանում, որ Վ.Սիրադեղյանը վերադառնա Հայաստան»: «Իսկ ես այդպես չեմ կարծում, քանի որ արդեն ավելի քան մեկ ամիս է, ինչ ձևավորվել է այս շարժումը Վ.Սիրադեղյանի վերադարձի համար, և ՀՀՇ վարչության շատ անդամներ չեն հայտնել իրենց տեսակետը դրա վերաբերյալ»,- հակադարձեց Սիրունյանը: «Շատ հետաքրքիր մի պատմություն կարող եմ պատմել Արամ Մանուկյանի մասին. երբ գլխավոր դատախազն առաջին անգամ պետք է ԱԺ-ում միջնորդեր, որպեսզի ձերբակալեին Վ.Սիրադեղյանին, Արամ Մանուկյանն այդ ժամանակ կարծեմ մշակույթի փոխնախարարն էր, և Արամ Մանուկյանն անձամբ (ես ներկա եմ եղել) խնդրել է Վանո Սիրադեղյանին, որ ինքը կա՛մ չմասնակցի այդ քվեարկությանը, կա՛մ կողմ քվեարկի դատախազի միջնորդությանը, քանի որ նրան կարող էին աշխատանքից հեռացնել: Եվ սա վերաբերում է ոչ միայն Արամ Մանուկյանին: Եթե մարդիկ փորձեն իմ ասածը հերքել, կարող եմ թվարկել նաև մի քանի այլ անուններ»,- ասաց Վանո Սիրադեղյանի զինակիցը:

 

Տեսանյութեր

Լրահոս