ԵՄ-ն քննարկում է իր ներկայացուցչի անարգել մուտքը Ղարաբաղ
ԵՄ արտաքին քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը Բրյուսելում` հուլիսի 23-ին, Արեւելյան գործընկերության երկրների ԱԳ նախարարների եւ եվրոպացի պաշտոնյաների հանդիպման ժամանակ «Ազատություն» ռադիոկայանի խնդրանքով անդրադարձել է ղարաբաղյան հակամարտության հարցին, մասնավորապես` Լեռնային Ղարաբաղ Եվրամիության ներկայացուցչի առանց նախապայմանների մուտքի հնարավորությանը։
Քեթրին էշթոնն ասել է. «Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղին, ես խոսել եմ Ադրբեջանի նախագահի հետ, եւ խոսել եմ նաեւ Հայաստանի նախագահի հետ, երբ նա հանդիպել էր ինձ։ Մենք Լեռնային Ղարաբաղի հարցը քննարկում ենք բոլոր հանդիպումների ընթացքում, մասնավորապես` Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Ֆիլիպ Լեֆորի մուտքը Ղարաբաղ թույլ տալու հարցը, ոչ թե բոլոր եվրոպացի պաշտոնյաների։ Մենք ցանկանում ենք օգնել կառուցել վստահություն այն մարդկանց միջեւ, ովքեր ապրում են այնտեղ, բավական լարված եւ խիստ անկայուն իրավիճակում։ Եվ կրկին ուզում եմ ասել, որ ոչ միայն այսօրվա հանդիպմանը, այլեւ բոլոր հանդիպումների ընթացքում սրանք են քննարկվող առանցքային հարցերը»: