Բողոք՝ ընդդեմ «Դժվար ապրուստի»

Հուլիսի 27-ին ժամը 19:30-ին Շառլ Ազնավուրի հրապարակում՝ Մոսկվա կինոթատրոնի դիմաց «Հասարակություն առանց բռնության» հասարակական կազմակերպություն միջոցառում է անցկացնելու: Միջոցառման ընթացքում հրապարակվելու են «Արմենիա» հեռուստաընկերությամբ ցուցադրվող «Դժվար ապրուստ» հեռուստասերիալի՝ հ/կ-ի կողմից իրականացված ուսումնասիրության ամփոփ արդյունքները, ցուցադրվելու է սոցիալական հոլովակ հեռուստասերիալի մասին, անցկացվելու է ֆլեշմոբ, բաժանվելու են տեղեկատվական բուկլետներ, իրականացվելու է ստորագրահավաք:
«Հասարակություն առանց բռնության» հասարակական կազմակերպությունը, հետամուտ լինելով կանանց նկատմամբ բռնությունների կանխարգելման և գենդերային հավասարության ջատագովման իր առաքելությանը, իր խորին դժգոհությունն է արտահայտում հայկական հեռուստատեսություններով հեռարձակվող հեռուստասերիալների սյուժեի և բովանդակության նկատմամբ:
Այսօրվա հեռուստասերիալներում կանանց հանդեպ բռնության տարատեսակ դրսևորումները, սեքսիստական արտահայտությունները, կանանց շարունական լացն ու ընկճվածությունը, ինչպես նաև այն կերպարները, որոնցով կանայք ներկայանում են, մտահոգվելու լուրջ տեղիք են տալիս:
Հաշվի առնելով այն փաստը, որ «Արմենիա» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Դժվար ապրուստ» հեռուստասերիալը Հայաստանի 4 և ավելի բարձր հեռուստահաղորդումների ցուցակում զբաղեցնում է առաջին հորիզոնականը, հիշյալ կազմակերպությունը որոշել է գենդերային տեսանկյունից անդրադարձ կատարել հենց այդ սերիալի բովանդակությանը»,-իրենց ակցիայի նպատակն այսպես են մեկնաբանել միջոցառման կազմակերպիչները:

Տեսանյութեր

Լրահոս