Ընդդիմադիր ուժերը կմիավորվե՞ն Րաֆֆի Հովհաննիսյանի շուրջ

«Եվ հավատում ենք, և նաև փորձելու ենք մեր անելիքը կատարել այդ ուղղությամբ և հասնել այդ նպատակին: Որքանո՞վ դա կստացվի մեզ մոտ, ժամանակը ցույց կտա, ես չեմ ուզում ինքնավստահ և ինքնագոհ հայտարարություններ անել, թե հաջողելու ենք կամ հաղթելու ենք: Սակայն, եթե մի բան անում ենք, ապա նշանակում է` ինչ-որ չափով հավատում ենք այդ գործին»,- այսօր «Փաստարկ» ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ` պատասխանելով 168.am-ի հարցին, թե «Ժառանգությունն» իրո՞ք հավատում է, որ Րաֆֆի Հովհաննիսյանը կարող է միավորել ընդդիմադիր ուժերին գալիք նախագահական ընտրությունների ժամանակ, ասաց «Ժառանգություն» կուսակցության անդամ Ստեփան Սաֆարյանը:
Իսկ մեր հաջորդ հարցին` Ձեր կարծիքով` ՀՅԴ-ն, ՀԱԿ-ը և մյուս ընդդիմադիր ուժերը կհամաձայնե՞ն միավորվել Ր.Հովհաննիսյանի շուրջ, նա պատասխանեց.
«Եկեք միմյանցից առանձնացնենք երկու խնդիրները. քաղաքական ուժերի միավորումն այլ բան է, իհարկե, անհրաժեշտ է երկրորդ խնդրի համար, սակայն շատ ավելի կարևոր է հասարակական մոբիլիզացիան: Վերջին հաշվով, անկախ Հայաստանի պատմության ընթացքում և ոչ մի քաղաքական գործչի չի հաջողվել ամբողջությամբ համախմբել ողջ ընդդիմադիր քաղաքական ուժերին: Մենք չունենք այդպիսի օրինակներ, բայց ունենք այս կամ այն չափով մեծաքանակ ուժեր միավորելու հաջողված օրինակներ և, որը շատ ավելի կարևոր է, ընդդիմադիր ընտրազանգվածի մեծամասնության կողմից մի թեկնածուին սատարելու բազմաթիվ օրինակներ: Հետևաբար` քաղաքական ուժերի միավորումն, անշուշտ, օգնում է լուծելու ընդդիմադիր էլեկտորատի միավորման խնդիրը: Ես չեմ բացառում, որ որևէ քաղաքական գործիչ, անգամ` առանց նման մեծ համախմբումների, կարողանա իրականում մոբիլիզացնել բողոքական ընտրազանգվածի մեծամասնությանը»:

 

Տեսանյութեր

Լրահոս