Կանխվել է թուրքամետ նախագծի անցկացումը ամերիկյան Կոնգրեսում

ԱՄՆ -ի Կոնգրեսի բնական պաշարների հանձնաժողովի անդամները դեմ են քվեարկել թուրքամետ օրինագծին, որն ընդունվելու դեպքում Թուրքիայի համար հատուկ առեւտրային արտոնություններ կստեղծեր՝ հնդկացիական ցեղերի հետ առեւտուր իրականացնելիս: Այս մասին հաղորդում է ՀՅԴ Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը:

Մինչ օրինագիծը քվեարկության դնելը, Հայ դատի գրասենյակն իր բողոքն էր արտահայտել 2362 օրինագծի դեմ` հաշվի առնելով մի քանի չափորոշիչներ, այդ թվում` նաեւ հետեւյալ գործոնները.

– ԱՄՆ Կոնգրեսը չպետք է հատուկ տնտեսական առավելություններ տրամադրի (հատկապես` հնդկացիական ցեղերի հետ կապված) մի երկրի, որը շարունակում է մեղքը չընդունող ոճրագործ մնալ, որն իրականացրել է իր բնիկ փոքրամասնությունների միլիոնավոր անդամների ցեղասպանությունը, այդ թվում ` հայերի, հույների, ասորիների եւ այլն:

– ԱՄՆ Կոնգրեսը չպետք է արտոնություւններ շնորհի Թուրքիային, որն աջակցում է Հայաստանի շրջափակմանը, սպառնում Կիպրոսին, հակամարտության մեջ է Իսրայելի հետ, հարձակվում է իր քուրդ բնակչության վրա, ինչպես նաեւ՝ գնալով ավելի է վտանգում ամերիկյան տարածաշրջանային առաջնահերթությունները:

– ԱՄՆ Կոնգրեսը չպետք է ռիսկի դիմի` խախտելով ԱՄՆ-ի առեւտրային այլ համաձայնագրերը՝ Թուրքիային առաջատար դիրք տրամադրելով այլ երկրների համեմատ, որոնք Միացյալ Նահանգների հուսալի եւ հավատարիմ դաշնակիցներն են:

Թուրքամետ նախագծի կողմնակիցները, այդ թվում թուրքական շահերի լոբբինգով զբաղվող կազմակերպությունները, հարգելով ԱՄՆ միջազգային առեւտրային պարտավորությունները, ինչպես նաեւ հաշվի առնելով Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի եւ այլ ամերիկահայ ու ամերիկահույն կազմակերպությունների հակազդեցությունը, ստիպված են եղել Առեւտրի համաշխարհային կազմակերպության բոլոր անդամ-երկրներին նման հնարավորություն ընձեռել:

«Անկարայի պաշտոնյաները, ակնհայտորեն, շահագրգռված են հասարակության հետ կապերի ոլորտում հաղթանակներով, ստեղծելով կեղծ տպավորություն` ԱՄՆ բնիկների հետ համերաշխության վերաբերյալ»,-ասել է ՀՅԴ Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի ղեկավար Արամ Համբարյանն ու հավելել. «Այդուհանդերձ, նման թափանցիկ ու ցինիկ ջանքերը չեն թաքցնում եւ երբեք չպետք է թաքցնեն Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը, քրդերի հանդեպ ճնշումները, քրիստոնյաների նկատմամբ դաժան վերաբերմունքն ու Կիպրոսի օկուպացիան: Եթե Թուրքիան ցանկանում է պաշտպանել բնիկ բնակչությանը, նա պետք է դադարեցնի բռնությունները, խտրականությունը եւ Անատոլիայի բնիկ ժողովուրդների նկատմամբ   արդարադատությունից հրաժարումը: Եթե այդ երկիրը ձգտում է առեւտրի զարգացման, այն պետք է սկսի Հայաստանի տնտեսական շրջափակումը վերացնելուց»:

ԱՄՆ Կոնգրեսի հայամետ եւ հունամետ խմբերի անդամները վճռականորեն դեմ են հանդես եկել թուրքամետ օրինագծին:

Տեսանյութեր

Լրահոս