Ոստիկանությունը դեռ ուսումնասիրում է՝ եղե՞լ են կրակոցներ Գյումրիում, թե՞ ոչ

Հ ոստիկանությունն ուսումնասիրում է Գյումրու քաղաքապետի թեկնածու Սամվել Բալասանյանի տան հարեւանությամբ Վարդան Ղուկասյանի տղայի կրակոցների մասին տեղեկությունները եւ թե որքանով են դրանք համապատասխանում իրականությանը: Այս մասին “Ա1+”-ի հետ զրույցում ասել է ոստիկանության լրատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության աշխատակից Արմեն Մալխասյանը:

Ըստ մամուլում հայտնված տեղեկությունների` օրերս Վարդան Ղուկասյանի որդին` Սպարտակը գնացել է Սամվել Բալասանյանի տան մոտ եւ սպառնալիքներ հնչեցրել, թե` չեք վայելելու: Տեղեկություններ կան նաեւ, որ Ղուկասյանի որդին օրերս կրակոցներ է արձակել Գյումրու Կենտրոնական այգու տարածքում:

Հիշեցնենք, որ խորհրդարանական ընտրությունների նախաշեմին իր ավտոմեքենայի մեջ ինքնաձիգի կրակոցից սպանվեց Վարդան Ղուկասյանի փեսան ու Ղուկասյանը հայտարարեց, թե դրա մեջ կասկածում է ԲՀԿ-ին:

“Ա1+”-ի հարցին, թե Գյումրու քաղաքապետի որդին հարցաքննվե՞լ է, ոստիկանության աշխատակիցը չի պատասխանել` կրկնելով, թե իրենք ուսումնասիրում են ԶԼՄ-ներում հայտնված տեղեկությունները:

Վարդան Ղուկասյանն այս օրերին անհասանելի է լրագրողների համար, իսկ նրա մամուլի քարտուղար Լիլիթ Աղեկյանը հերքել է մամուլում հայտնված տեղեկությունները` կապված Վարդան Ղուկասյանի տղայի կրակոցների եւ սպառնալիքների հետ:

Ինքը` Սամվել Բալասանյանը, ով օրերս հանդիպել է Սերժ Սարգսյանի հետ եւ որից հետո դարձել Գյումրու քաղաքապետի ԲՀԿ թեկնածու, «Ազատություն» ռադիոկայանին ասել է,որ ինքը այդ պահին տանը չի եղել, իրեն այդ մասին պատմել են ականատեսները: «Ոնց որ թե փորձ է արվում լարվածություն ստեղծել, բայց ես ուղղակի զգուշացնում եմ` շատ հեռու մնա նման լարվածություններ ստեղծելուց, ուղղակի ես զգուշացնում եմ: Խոսքը այն մարդկանց մասին է, որոնք գիտեմ, որ ուզում են լարվածություն ստեղծել: Դե, մեր ականջին շատ բան է կպնում. ես զգուշացնում եմ ուղղակի, որ հեռու մնան, քաղաքակիրթ մրցակցության գնալու ակնկալիքով եմ ես գնում իմ թեկնածությունը առաջադրելու», -ասել է ԲՀԿ թեկնածուն:

Տեսանյութեր

Լրահոս