Գրավաճառն արդարացվեց. նա… կարիքից դրդված էր դավաճանել

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Գագիկ Ավետիսյանի նախագահությամբ, անմեղ ճանաչեց անցյալ տարվա ապրիլի 23-ին «Վերնիսաժում» 10.000 դրամով «Արմյանսկի տեռորիզմ» վերնագրով գիրքը վաճառած գրավաճառ Սպարտակ Ակոջյանին և որոշեց նրա նկատմամբ հարուցված քրեական գործի վարույթը կարճել` արարքում հանցակազմի բացակայության հիմքով: Գրավաճառը ազատ արձակվեց դատարանի դահլիճից:

Հիշեցնենք, որ «Վերնիսաժի» գրավաճառին մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ նա Թբիլիսիում Ադրբեջանի դեսպանատան հարակից տարածքում ձեռք է բերել հակահայկական ադրբեջանական քարոզչության «ստեղծագործության» արդյունք հանդիսացող` հայ ժողովրդի և Հայաստանի Հանրապետության վերաբերյալ զրպարտիչ տեղեկատվությամբ «Արմյանսկի տեռորիզմ» վերնագրով ռուսերեն հրատարակված 10 գիրք, որոնցում Լեռնային Ղարաբաղի բնակչության ինքնապաշտպանական գործողությունների առանձին դրվագներ ներկայացված են որպես «խաղաղ ադրբեջանցիների» նկատմամբ հայկական «հանցավոր խմբավորումների» կողմից իրականացված ահաբեկչական գործողություններ, իսկ 1970-1980 թվականների ընթացքում տարբեր երկրներում թուրք դիվանագետների և ներկայացուցչությունների նկատմամբ իրականացված ահաբեկչական գործողությունները վերագրված են «հայկական ահաբեկչական ուժերին», և հայ ժողովրդի ազգային արժանապատվությունը նվաստացնելուն ուղղված գործողություններ կատարելու դիտավորությամբ, 2011 թվականի ապրիլի 21-ին դրանցից 7-ը Վրաստանից իր հետ տեղափոխել է Հայաստան ու ապրիլի 23-ին փորձել իրացնել Երևանի «Վերնիսաժ» կոչվող բացօթյա տոնավաճառում, այդ ընթացքում տոնավաճառի վաճառողների և այցելուների ներկայությամբ հայտարարություններ անելով, այսպես կոչված, «հայկական ահաբեկչության» առկայության և այն հիմնավորող` իր կողմից վաճառվող գրքում արտացոլված «փաստերի» վերաբերյալ, այսինքն` հայ ժողովրդի ազգային արժանապատվությունը նվաստացնելուն ուղղված հրապարակային գործողություններ կատարելու համար: Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը՝ Գագիկ Պողոսյանի նախագահությամբ, 4 տարվա ազատազրկման էր դատապարտել Սպարտակ Ակոջյանին:

Դատարանում տված ցուցմունքով Ակոջյանը հիմնավորել էր, որ իր գործողություններում հայ ժողովրդի ազգային արժանապատվությունը նվաստացնելուն ուղղված դիտավորություն չկա, որ ինքը այդ գրքերը վաճառել է կարիքից դրդված, որ վաճառքի ընթացքում գնի վերաբերյալ սակարկել է գնորդների հետ, այսինքն` գրքի վաճառքի գործողությունները կատարվել են զուտ կոմերցիոն նպատակներով:

Հետաքրքիր է, որ նման խոստովանանքից հետո էլ դատարանը անմեղ է ճանաչել Ակոջյանին: Ստացվում է, որ վերջերս լրտեսության համար ձերբակալված հայ երիտասարդները, ովքեր պետական ու ռազմական գաղտնիք պարունակող սկավառակ էին պատրաստվում վաճառել ադրբեջանցիներին, նույնպես կարող են հայտարարել, թե կարիքից դրդված են վաճառել սկավառակը, ու անմեղ ճանաչվեն:  Հայտնի փաստ է, որ թշնամու հատուկ ծառայությունները ցանկացած դավաճանի կաշառքով են իրենց մարդը դարձնում: Ի՞նչ է՝ արդարացնե՞նք աշխարհի բոլոր դավաճաններին:

Տեսանյութեր

Լրահոս