Համահայկական բնագիտական առաջին օլիմպիադան մեկնարկում է

Այս տարի առաջին անգամ ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունը կազմակերպել է Համահայկական բնագիտական օլիմպիադա` «Ֆիզիկա», «Մաթեմատիկա» եւ «Ինֆորմատիկա» առարկաների գծով: Համահայկական բնագիտական օլիմպիադայի անցկացման նպատակն է խրախուսել բնագիտական առարկաների նկատմամբ հետաքրքրությունը, Սփյուռքում եւ Հայաստանում հայտնաբերել տաղանդավոր պատանիներ, ինչպես նաեւ ընդլայնել Սփյուռքի հետ տարվող աշխատանքների սահմանները:

Համահայկական օլիմպիադայի մասնակիցներին ողջունել եւ արգասաբեր աշխատանք է մաղթել ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը՝ նշելով, թե Համահայկական բնագիտական օլիմպիադայի անցկացումը մի մեծ գործընթացի սկիզբ է, որը բերելու է կրթական համահայկական նոր ավանդույթի ձեւավորման. երկու տարին մեկ անցկացվող համահայկական փառատոններն այսուհետ կընդլայնեն իրենց առարկայացանկը` ավելացնելով նաեւ քիմիա եւ կենսաբանություն առարկաների մրցույթները:

Առաջին բնագիտական օլիմպիադային, բացի Հայաստանից եւ Արցախից, մասնակցում են 5 երկրի 8 համայնքի  (Ռուսաստան, Էստոնիա, Իրան, Սիրիա, Ֆրանսիա, Վրաստան) ներկայացուցիչներ: Օլիմպիադան անցկացվում է երեք փուլով` նախապատրաստական եւ երկու մրցութային: Նախապատրաստական եւ առաջին մրցութային փուլերն անցկացվել են հեռավար կարգով: Նախապատրաստական փուլում օլիմպիադայի կազմակերպիչները www.olymp.am կայքում 2 անգամ հրապարակել են առաջադրանքներ եւ խնդիրներ` առաջարկելով աշակերտներին` երկու շաբաթվա ընթացքում աշխատել դրանց լուծման ուղղությամբ: Առաջին փուլում մրցութային առաջադրանքներն ուղարկվել են կազմակերպիչ-համադրողներին, ովքեր սահմանված ժամկետում կազմակերպել են մրցույթը եւ փոխանցել հաղթող մասնակիցների ցուցակը: Երկրորդ մրցութային փուլը կազմակերպվում է Հայաստանում, որին մասնակցում են առաջին փուլի հաղթողները:

Օլիմպիադան կտեւի մեկ շաբաթ. փակման արարողությունը կկայանա հուլիսի 27-ին:

Տեսանյութեր

Լրահոս