Սիրիայի ընդդիմադիրները հայտարարել են Հալեպը գրոհելու մասին
Սիրիայի ապստամբները հայտարարել են, որ գործողություն են սկսել երկրի՝ բնակչության թվով երկրորդ քաղաքը և երկրի տնտեսական մայրաքաղաքը՝ Հալեպը, գրավելու համար,- հաղորդում է Reuters-ը:
Ընդդիմության զինված ջոկատները քաղաքի մատույցների մոտ մարտեր են մղում կառավարական զորքերի դեմ: Հյուսիսային ուղղությամբ նրանց հաջողվել է հասնել քաղաքային գծի սահմանին և գրոհել տեղի անվտանգության մարմինների գրասենյակը:
Բացի այդ, ապստամբները գրավել են Հալեպից 10 կմ հյուսիս տեղակայված ուսումնական զինվորական զորամասը, որտեղ զինվորների մի մասը պատանդ է վերցվել, մյուս մասն անցել է ընդդիմության կողմը:
Հալեպում մարտերը շարունակվում են քաղաքի փողոցներում: Ապստամբների տվյալներով՝ բախումների ժամանակ իրենց հաջողվել է խլել հակառակորդի մի քանի տանկ:
Բացի այդ, ըստ ապստամբների՝ իրենց հաջողվել է գրավել Թուրքիայի հետ սահմանակից ևս մեկ շրջան՝ Բաբ Ալ-Սալամը, որը գտնվում է Հալեպից հյուսիս:
Միաժամանակ, մայրաքաղաք Դամասկոսում կառավարական զորքերը ապստամբներին դուրս են հանել քաղաքից և այն վերցրել իրենց վերահսկողության տակ: Բացի այդ, երկրի արևելքում՝ Իրաքի սահմանի մոտ, բանակը կարողացել է վերադարձնել մի քանի անցակետեր: