
Արցախի ԿԸՀ-ն հրապարակեց նախագահական ընտրությունների վերջնական արդյունքները

Երեկ՝ հուլիսի 22-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը իր նիստում հրապարակեց հուլիսի 19-ին կայացած Արցախի նախագահի ընտրությունների վերջնական արդյունքները: ԼՂՀ ԿԸՀ-ից հայտնում են, որ ընտրացուցակների համաձայն ընտրողների ընդհանուր թիվը կազմել է 99 հազար 227 մարդ, գրանցված և ընտրաթերթիկ ստացած ընտրողների թիվը կազմել է 72 հազար 958 մարդ, իսկ անվավեր քվեաթերթիկների թիվը՝ 2 հազար 302: Նախագահի թեկնածու Վիտալի Բալասանյանի օգտին քվեարկել է 22 հազար 967 մարդ, Բակո Սահակյանի օգտին՝ 47 հազար 095, իսկ Արկադի Սողոմոնյանի օգտին՝ 593 ընտրող:
Այսպիսով՝ ԼՂՀ ընտրական օրենսգրքի համապատասխան հոդվածի համաձայն՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է կայացրել հանրապետության ընտրված նախագահ ճանաչել Բակո Սահակյանին, որի օգտին քվեարկել է բոլոր թեկնածուների օգտին քվեարկածների կեսից ավելին: