Բաժիններ՝

Երևանի քաղաքապետ. Բոլոր ապօրինի կառույցները քանդվելու են

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը այսօր` հուլիսի 23-ին, հերթական աշխատանքային խորհրդակցության ժամանակ նշել է, որ Երեւանը պետք է պահպանի իր քաղաքաշինական ու ճարտարապետական դիմագիծը, ինչը նաեւ բոլոր երեւանցիների ցանկությունն է:

«Ամենօրյա հսկողություն սահմանել ապօրինի շինարարությունների եւ հողազավթումների կանխման ուղղությամբ, բացառել որեւէ անօրինականություն: Բոլոր ապօրինի կառույցները հայտնաբերվելու են, արձանագրվելու եւ քանդվելու են»,-ասել է նա:

Երեւանում լայն թափով շարունակվում են քաղաքապետարանի 2012թ-ի ծրագրով նախատեսված ասֆալտապատման աշխատանքները: Շինբարեկարգման վարչության պետը զեկուցել է, որ ընթացքի մեջ է նաեւ կապալառուների կողմից սեփական միջոցներով 2011թ-ին անորակ եւ թերի կատարած ասֆալտբետոնե ծածկույթի թերությունների վերացման գործընթացը: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարել է ամենօրյա անմիջական հսկողության տակ պահել կատարվող աշխատանքների ընթացքը եւ որակը:

Մշտական հսկողության պահանջ է դրվել նաեւ մայրաքաղաքի փողոցների ասֆալտբետոնե ծածկույթի վերականգնման աշխատանքների ավարտից հետո համապատասխան կազմակերպությունների կողմից ներքին կոմունիկացիոն աշխատանքների իրականացման նպատակով քանդման թույլտվությունները բացառելու մասով. «Խախտումներ թույլ տվող եւ համայնքային գույքը վնասող  կազմակերպությունների նկատմամբ կկիրառվեն օրենքով սահմանված պատժամիջոցներ»,- ընդգծել է քաղաքապետը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս