
Հայաստանի նախագահը ցավակցել է Գալյա Նովենցի ընտանիքին

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր` հուլիսի 23-ին, ցավակցական հեռագիր է հղել Ղազանչյանների ընտանիքին՝ Հայաստանի հանրապետության ժողովրդական արտիստ Գալյա Նովենցի մահվան կապակցությամբ:
Հեռագրում, մասնավորապես, ասված է.
«Խոր ցավով տեղեկացա մեր ժամանակների մեծ դերասանուհի, Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ Գալյա Նովենցի մահվան մասին: Ցավալիորեն, սա այն բացառիկ դեպքերից է, երբ կարելի է ասել՝ հայ կինոարվեստն անդառնալի կորուստ կրեց: Գալյա Նովենցի ստեղծած տպավորիչ եւ հուզական կերպարները, նրա խաղացած մեծ ու փոքր դերերը նշանակալի ներդրում են կինոյի պատմության մեջ:
Այս հիրավի ծանր պահին միակ մխիթարությունը արվեստի մնայուն լինելու փաստն է, որը հնարավորություն կտա մեզ եւ ապագա սերունդներին մշտապես առնչվել այն մեծ ու անկրկնելի երեւույթին, որը կրում է Գալյա Նովենց անունը»: