Շահարկումներն անհիմն են. ԼՂՀ ՆԳՆ
Հուլիսի 19-ին Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած նախագահական ընտրությունների առնչությամբ ԼՂՀ ՆԳՆ-ն հանդես է եկել հայտարարությամբ, որում մասնավորապես նշվա է.
«Հուլիսի 19-ին ԼՂՀ-ում տեղի են ունեցել նախագահական ընտրություններ: Ընտրություններին մասնակցել է ընտրողների 73,4%-ը: Ընտրություններին հետևել են ինչպես 22 երկրների միջազգային դիտորդներ, այնպես էլ տեղի քաղաքացիական հասարակության և քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչներ: Միջազգային դիտորդների նախնական տվյալների համաձայն` ընտրություններն անցկացվել են ժողովրդավարական ստանդարտների պահպանմամբ և մի քանի թեկնածուի մասնակցությամբ` այդ կերպ ապահովելով հանրապետության քաղաքացիների ազատ կամքի դրսևորումը:
ԼՂՀ-ում ընտրությունների մակարդակը համեմատելի է ժողովրդավարական երկրներում տեղի ունեցող ընտրությունների մակարդակի հետ և վկայում է ինքնիշխանության կառուցման գործընթացի և անկախ պետականության մասին: Տեղի ունեցած ընտրությունները ևս մեկ անգամ վկայեցին 1991 թվականին հանրաքվեի ճանապարհով կատարած ճիշտ ընտրությունը: Ընտրությունից ընտրություն ԼՂՀ բնակիչները այդ ճանապարհը շարունակելու ամուր կամք են դրսևորում, և ԼՂՀ-ն անցյալին վերադարձնելու մասին խոսք անգամ լինել չի կարող:
Շահարկումներն այն մասին, թե ԼՂՀ-ում ընտրությունները կարող են խանգարել ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, անհիմն են և քարոզչական նպատակ ունեն: Հակամարտության կարգավորման մեջ վճռական է ԼՂՀ ժողովրդի կամքը, ինչն ընդունվում է միջազգային հանրության և միջնորդների կողմից: Ժողովրդավարության զարգացումը ԼՂՀ-ում պետության կառուցման հիմքն է և համապատասխանում է քաղաքակիրթ աշխարհի հանրության շահերին:
Այդ իսկ պատճառով, ԼՂՀ նախագահական ընտրությունների հանդեպ մի քանի քաղաքական շրջանակների վերաբերմունքը, որոնք հարմարվում են պաշտոնական Բաքվի քմահաճույքներին, սուբյեկտիվ կարծիքով հիմնավորվել չի կարող»: