Կյանքից հեռացավ Գալյա Նովենցը

Երկարատև հիվանդությունից այսօր` հուլիսի 22-ին, մահացել է ՀՀ ժողովրդական արտիստ, ՀԽՍՀ պետական մրցանակի դափնեկիր, միջազգային կինոփառատոների մրցանակակիր Գալյա Նովենցը:  Նա 75 տարեկան էր:

Երկար տարիներ Գալյա Նովենցն աշխատել է Սունդուկյանի անվան ակադեմիական, Գյումրու Վարդան Աճեմյանի անվան, Երևանի Հրաչյա Ղափլանյանի անվան,  «Համազգային» և Պարոնյանի անվան թատրոններում:

2011թ. նա իր հարցազրույցներից մեկում խոստովանել էր, որ 1988թ. երկրաշարժն իր կյանքի ամենադաժան էջերից էր:

«Թվում էր, թե աշխարհը կործանվում է: Անտանելի ցավ էր, սոսկալի ապրումներ եմ ունեցել, կորցրել թանկագին ընկերների, բարեկամների: Երկրաշարժից հետո երկար ժամանակ չէի կարողանում ուշքի գալ: Տեսնում էի, բայց չէի հավատում: Թվում էր, թե սարսափելի երազ է: Հաճախ հարցնում էի, թե ի՞նչ մեղք ենք գործել, որ այսպես պատժվում ենք: Հրաշալի խոսք կա: Ասում են` ժամանակը բուժում է վերքերը: Ցավոք, սպիներ մնում են: Իմ հոգում, սրտում այնքան վերքեր կան, որ մինչեւ սպիանալը արյունաքամ են արել: Եթե հնարավորություն ունենայի կյանքս փոխելու, հետ կվերադարձնեի թանկագին մարդկանց, ովքեր հիմա ինձ հետ չեն: Կարոտում եմ, անդադար կարոտում: Կարոտը դժվար բան է: Չգիտեմ: Երեւի անցյալի հիշողություններն ու բարի հուշերն են օգնում, որ կարողանում եմ հաղթահարել այս դժվարությունները»,- ասել էր դերասանուհին:

Նույն հարցազրույցում Գալյա Նովենցը նաև խոստովանել էր, որ ինքը երջանիկ կին էր. իր երջանկությունը պայմանավորված էր ընտանիքի խաղաղությամբ:

«Ի՞նչ է նշանակում կատարյալ երջանկություն: Դուք այն տեսե՞լ եք, զգացե՞լ: Չէ՜, միայն լսել եք, որովհետեւ կատարյալ երջանկություն գոյություն չունի: Շուրջդ այնքան խնդիրներ, անհանգստություն կա, որ անհնար է միշտ երջանիկ լինել: Այո՛, մարդ կարող է ունենալ ուրախության պահեր, բայց կատարյալ երջանկություն լինում է միայն հեքիաթներում»,- ասել էր Գալյա Նովենցը, ով այլևս մեզ հետ չէ:

Տեսանյութեր

Լրահոս