Հերթական զինվորի մահվան դեպքը, և կրկին լռում է ՊՆ-ն
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը տեղեկացնում է բանակում հերթական մահվան դեպքի մասին:
Ըստ իրենց հաղորդագրության՝ Վանաձորում, այսօր՝ հուլիսի 21-ին, տեղի է ունեցել ՀՀ զինված ուժերի ծառայող 22-ամյա Աշոտ Սարդարյանի հուղարկավորությունը:
Ա. Սարդարյանը ՀՀ զինված ուժերում ծառայում էր արդեն մեկ տարի եւ զորակոչվել էր Վանաձորի պետական մանկավարժական համալսարանի կենսաբանության ֆակուլտետն ավարտելուց հետո: Ա. Սարդարյանը ծառայությունն անցկացնում էր Բերդի տարածաշրջանի զորամասերից մեկում: Ըստ նախնական տվյալների՝ Ա. Սարդարյանը մահացել է ստամոքսի խոցից: Որոշ տվյալների համաձայն՝ նա ունեցել է ստամոքսի քաղցկեղ:
Ա. Սարդարյանի հուղարկավորությունը ուղեկցվում էր զինվորական պատվո պահակախմբով եւ նվագախմբով: Զինվորականների կողմից Ա. Սարդարյանին տրվեց վերջին պատվո հարգանքը:
Ա. Սարդարյանը մահացել է սույն թվականի հուլիսի 18-ի երեկոյան, Մուրացանի զինվորական հոսպիտալում` բժշկական օգնություն ստանալու ընթացքում:
Դեպքի վերաբերյալ ամբողջական տեղեկատվություն կներկայացվի լրացուցիչ ուսումնասիրությունից հետո:
Նշենք, որ հերթական անգամ ՀՀ պաշտպանության նախարարությունը տեղեկատվություն չի տարածել ՀՀ զինված ուժերում մահվան դեպքի մասին:
Տարօրինակ է նաև այն, որ նման ախտորոշում ունեցող երիտասարդը ինչպես է զորակոչվել բանակ: Սա արդեն որերորդ դեպքն է, երբ բանակում միջադեպեր են լինում զինվորի առողջական ծանր վիճակի հետ կապված, իսկ զինկոմիսարիատնեին ոչ ոք անգամ թթու խոսք չի ասում: Այնինչ բանակում բոլոր հոռի երևույթների, ոչ կանոնակարգային հարաբերությունների ու նաև զինվորների առողջական շատ խնդիրների հիմքում զինկոմիսարիատների մեղքի մեծ բաժին կա, ինչը վտանգում է ընդհանրապես հայոց բանակի ապագան: