
Վարդան Ղուկասյանը հրաժարական տվեց ՀՀԿ Շիրակի մարզային կառույցի ղեկավարի պաշտոնից

Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանը, ով այսօր` հուլիսի 21-ին, հրաժարական է տվել ՀՀԿ Շիրակի մարզային խորհրդի նախագահի պաշտոնից, լրագրողների հետ զրույցում հստակ պատասխան չի տվել Գյումրիի քաղաքապետի ընտրություններում իր առաջադրման մասին հարցին: «Կապրենք, կտեսնենք»,-ասել է նա:
«Իմ բնավորությամբ ես կուսակցական չեմ, այլ հոգեւոր եմ, եւ մի քիչ հոգնել եմ եւ ուզում եմ քաղաքականությունից մի փոքր հանգստանալ: Հետագան նաեւ ցույց կտա` արդյոք կմնամ որպես շարքային կուսակցական, թե ոչ: Ժամանակը կգա եւ ամեն ինչ կերեւա՝ կառաջադրվեմ քաղաքապետի ընտրություններում, թե չէ: Դեռ ժամանակ կա»,-ընդգծել է նա:
«Շիրակ Կենտրոնի» փոխանցմամբ, ամենայն հավանականությամբ առաջիկա ՏԻՄ ընտրություններում, որպես Գյումրիի քաղաքապետի թեկնածու Վարդան Ղուկասյանը չի առաջադրվի, իսկ ՀՀԿ-ն կպաշտպանի ՀՀ ԱԺ պատգամավոր Սամվել Բալասյանի թեկնածությունը:
Կենտրոնի Shirakcentre.org կայքի փոխանցմամբ` այսօր Գյումրիում կայացած ՀՀԿ-ի մարզային կառույցի նիստում, նախորդ օրը մարզային խորհրդի ղեկավարի պաշտոնից հրաժարական տված Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի փոխարեն, ընտրվել է Շիրակի մարզպետարանի կրթության վարչության երկարամյա պետ Սահակ Մինասյանը:
Նիստը վարել է ՀՀԿ նախագահի տեղակալ, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը: Մեր տեղեկությունով, Շիրակի տարածքային կազմակերպության ղեկավար, քաղաքապետ Վարդան Ղուկասյանը հրաժարական է տվել, որովհետև իշխանությունները Ղուկասյանին արգելել էին սեպտեմբերի 9-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններում առաջադրվել որպես Գյումրիի քաղաքապետի թեկնածու: