Պատգամավորի որդուն ձեռնաշղթաներով տեղափոխել են դատարան

Այսօր՝ հուլիսի 21-ին, Ոստիկանության Արմավիրի բաժնի ձերբակալվածների պահման վայրից Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարան տեղափոխվեց ԱԺ պատգամավոր Նահապետ Գևորգյանի որդին` 30-ամյա Արտակ Գևորգյանը:

Պատգամավորի որդին դատարան տեղափոխվեց ոստիկանների ուղեկցությամբ՝ ձեռնաշղթայված վիճակով: Այս պահին նշված դատարանի թիվ 3 դահլիճում սկսվել է դռնփակ դատական նիստը, որտեղ Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Արմավիրի մարզի քննչական բաժնի ավագ քննիչ Արմեն Դալլաքյանը միջնորդություն է ներկայացրել, որպեսզի դատարանը որպես խափանման միջոց՝ 2-ամսյա կալանք կիրառի ձերբակալված Ա. Գևորգյանի նկատմամբ:

Դատավոր Արամ Հովսեփյանը այս պահին դռնփակ դատական նիստ է անցկացնում, որը նշանակվել էր ժամը 10-ին, սակայն Ա. Գևորգյանի փաստաբանը ուշանում էր դատական նիստից:

Ա. Գևորգյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 183 հոդված 1-ին մաս (ավտոմեքենայի կամ տրանսպորտային այլ միջոցին ապօրինաբար տիրանալը, փախցնելը՝ առանց հափշտակելու նպատակի) և նույն հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետի (կատարվել է կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով), ինչպես նաև 235 հոդվածի (ապօրինի կերպով զենք-զինամթերք պահելը, կրելը, օգտագործելը) հատկանիշներով:

Հիշեցնենք, որ հուլիսի 18-ի գիշեր՝ ժամը 03.35-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչությունից Արմավիրի բաժնում հաղորդում էր ստացվել, որ իրենց է զանգահարել 25-ամյա Վիրաբ Ա.-ն և հայտնել, որ անհայտ անձը «ԳԱԶ 24» մակնիշի ավտոմեքենայից իջնելով՝ զենքի սպառնալիքով առևանգել էր իր «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենան: Մեկնած օպերատիվ խումբը պարզել էր, որ 30-ամյա Արտակ Գևորգյանը նույն օրը, ժամը 03.30-ի սահմաններում, Արմավիրի մարզի Սարդարապատ գյուղի դպրոցի մոտ, իջնելով իր կողմից վարած «ԳԱԶ 24» մակնիշի ավտոմեքենայից՝ ատրճանակի սպառնալիքով կանգնեցրել էր Վիրաբ Ա.-ի կողմից վարվող «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենան և իջեցնելով վերջինիս ու նրա ուղևորին ու թողնելով «ԳԱԶ 24» մակնիշի ավտոմեքենան` «ՎԱԶ 2106» ավտոմեքենայով հեռացել է:

Արմավիրի մարզի առաջին ատյանի դատարանի որոշմամբ` ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողները խուզարկություն են կատարել Արտակ Գևորգյանին պատկանող, Երևան քաղաքի Տերյան փողոցում գտնվող բնակարանում, որտեղ խոհանոցի անկյունակ բազմոցի նստելատեղի տակից հայտնաբերվել է 4,5 մմ տրամաչափի «Բայկալ» օդամղիչ ատրճանակ: Ատրճանակն ուղարկվել էր փորձաքննության:

 

Տեսանյութեր

Լրահոս