
«HSBC Հայաստանը» կմասնակցի Երևանի կանաչ տարածքների ընդլայնման ծրագրերին

Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է «Էյչ-Էս-Բի-Սի Հայաստան» բանկի գործող գլխավոր տնօրեն Ասթրիդ Քլիֆֆորդի հետ: Հանդիպմանը մասնակցել է նաեւ բանկի ապագա գլխավոր տնօրեն Թիզ Քլեմենցը:
Ներկայացնելով քաղաքապետարանի կողմից քաղաքային տնտեսության կառավարման կատարելագործմանն ուղղված բարեփոխումների ծրագրերը` քաղաքապետը նշել է, որ Երեւանի քաղաքապետարանը կարեւորում է մասնավոր հատվածի հետ համատեղ ծրագրերի իրականացումը` ընդգծելով, որ այս մասով առկա է նաեւ փոխշահավետ համագործակցության պատրաստակամությունը:
Շնորհակալություն հայտնելով հանդիպման համար` Ասթրիդ Քլիֆֆորդը նշել է, որ բանկը շահագրգռված է քաղաքապետարանի հետ համագործակցության ընդլայնման հարցում ու, հատկապես, շրջակա միջավայրի պահպանության եւ կանաչ տարածքների ընդլայնման ծրագրերի շրջանակում:
Հատկանշելով, որ քաղաքապետարանի կողմից այսօր լայնածավալ աշխատանքներ են տարվում այգիների, պուրակների եւ բակային տարածքների բարեկարգման, կանաչապատման, ինչպես նաեւ կանաչ տարածքների ընդլայնման ու դրանց մշտական խնամքի ապահովման ուղղությամբ, քաղաքապետ Տարոն Մարգարյանն առաջարկել է ստեղծել համատեղ աշխատանքային խումբ, որը բազմակողմանի կքննարկի բոլոր առաջարկներն ու կներկայացնի հնարավոր համագործակցության ամբողջական փաթեթ: