
Տիգրան Սարգսյանը շնորհավորել է Բակո Սահակյանին

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանին` նախագահի պաշտոնում վերընտրվելու առթիվ:
«Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Լեռնային Ղարաբաղի հանրապետության Նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ: Արցախի ժողովուրդը եւս մեկ անգամ Ձեզ վստահեց իր ապագան, անվտանգության եւ կայունության ապահովումը, զարգացումն ու հզորացումը: Ձեր կյանքի ամբողջ ընթացքն անմնացորդ պայքար է հանուն Արցախի ազատագրման եւ անկախ պետականության հզորացման: Վստահ եմ, որ Դուք շարունակելու եք սկսածը հանուն Արցախի:
Մեկ անգամ եւս շնորհավորելով` մաղթում եմ Ձեզ նորանոր հաջողություններ եւ Ձեր առջեւ դրված ծրագրերի եւ նպատակների իրականացում»,- ասված է Տ. Սարգսյանի ուղերձում:
Հիշեցնենք, որ ըստ ԼՂՀ ԿԸՀ-ի` հուլիսի 19-ին կայացած ԼՂՀ նախագահական ընտրություններում Բակո Սահակյանի օգտին քվեարկել է 47.095, Վիտալի Բալասանյանի օգտին` 22.967, Արկադի Սողոմոնյանի օգտին` 593 ընտրող: