Գյումրիի քաղաքապետն արդեն վստահ չի խոսում իր առաջադրման մասին
Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի մամուլի քարտուղար Լիլիթ Աղեկյանը տեղյակ չէ` քաղաքապետ Վարդան Ղուկասյանը այցելե՞լ է Հայաստանի նախագահի նստավայր, թե` ոչ: Երեկ լրատվամիջոցներում նման տեղեկություններ տարածելուց հետո մամուլի քարտուղարը նշեց, որ Ղուկասյանը քաղաքապետարանում չէ եւ չգիտի` նման բան կա՞, թե` ոչ:
Ինչ վերաբերում է Վարդան Ղուկասյանի Գյումրիի քաղաքապետի ընտրություններում առաջադրվելուն, Լիլիթ Աղեկյանն ասաց` «Կգա ժամանակը, կասենք»:
Ի դեպ, ընդամենը մեկ շաբաթ առաջ քաղաքապետի մամուլի քարտուղարը վստահորեն հայտարարել էր, թե Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանը սեպտեմբերին կայանալիք քաղաքապետի ընտրություններում իր թեկնածությունը չառաջադրելու հիմքեր չունի, «արված աշխատանքը կրկնապատկելու, պահպանելու խնդիր կա»:
Հարցին, եթե ՀՀԿ-ն որոշի, որ Վարդան Ղուկասյանը չի առաջադրում իր թեկնածությունը, ի՞նչ պետք է անեն, Լիլիթ Աղեկյանն պատասխանել էր. «Գյումրիի քաղաքապետը երբեք կուսակցական որոշումներով չի առաջնորդվել: Գյումրիի քաղաքապետն ունի իր ծրագիրը, առաջադրվելու է, իսկ իր կուսակցության «եթե»-ները դուք եք ասում: Մենք ակնկալում ենք, որ ինչպես բոլորը, այդպես էլ կուսակցությունը տեսնում է քաղաքապետի աշխատանքը եւ իրենք իրենց բարոյական աջակցությունը կցուցաբերեն: ՀՀԿ-ն շատ խոհեմ կուսակցություն է եւ կարծոմ ենք, որ նման վերաբերմունք չի լինի»:
Նշենք, որ ըստ լրատվամիջոցներում տարածված տեղեկությունների ԲՀԿ անդամ, պատգամավոր Սամվել Բալասանյանի` նախագահական նստավայր այցելությունից հետո, ԲՀԿ հայտարարեց Գյումրիի քաղաքապետի ընտրություններում նրա թեկնածության առաջադրման մասին: Իսկ երեկ լուրեր էին շրջանառվում, որ նախագահական նստավայր է այցելել Վարդան Ղուկասյանը: