ԱԳՆ-ն վտահեցնում է, որ սիրիահայության խնդիրն իրենց ուշադրության կենտրոնում է
ՀՀ արտգործնախարարի տեղակալ Սերգեյ Մանասարյանը Սիրիայում իրավիճակի սրման հետ կապված, հարցին, թե ինչպիսի՞ քայլեր են ձեռնարկվում Հայաստանի կողմից՝ նկատի ունենալով հայության ներկայությունն այդ երկրում, պատասխանել է.
«Հայաստանի ղեկավարությունը ոչ միայն ուշադրությամբ հետևում է Սիրիայում իրադարձությունների զարգացմանը, այլ նաև համապատասխան քայլեր է ձեռնարկել և ձեռնարկում տարբեր մակարդակներով և ուղղություններով:
Գործադրվող ջանքերն առաջին հերթին ուղղված են սիրիահայության անվտանգության, հայ համայնքի բնականոն կենսագործունեության ապահովմանը, պատմամշակութային ժառանգության պահպանմանը:
Սա այն դեպքերից է, երբ այդ ջանքերի հրապարակային բարձրաձայնումը կարող է նպաստավոր ազդեցություն չունենալ դրանց արդյունավետության վրա, ուստի ես ձեռնպահ կմնամ դրանք մանրամասնելուց:
Կարող եմ հավելել, որ միջազգային շփումների ժամանակ այս հարցերը գտնվում են երկրի ղեկավարության ուշադրության կենտրոնում:
Համայնքային կառույցների հետ մշտական կապ է պահպանվում Հայաստանից պարբերաբար այցելող հատուկ բանագնացների, Դամասկոսում ՀՀ դեսպանության և Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսության միջոցով:
Ակնհայտ է, որ Սիրիայում իրավիճակը բավականին բարդ է: Առանց անզգույշ, հուզական հայտարարությունների և շահարկումներին տեղիք տալու, հետևելով զարգացումներին, անհրաժեշտության դեպքում, հնարավորության սահմաններում, կձեռնարկվեն լրացուցիչ քայլեր», եզրափակել է ԱԳ փոխնախարարը: