
Պատգամավորի որդուն ձերբակալելու համար ոստիկանությունը կդիմի դատարան

Արմավիրի քննչական բաժինն այսօր դիմելու է դատարան, որպեսզի ՀՀ ԱԺ պատգամավոր Նահապետ Գևորգյանի որդին ձերբակալվի: Այս մասին այսօր ՀՀ ոստիկանության կոլեգիայի նիստին հաջորդած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ քննչական գլխավոր վարչության պետ Գագիկ Համբարձումյանը: «Հույս ունենք, որ դատարանը թույլ կտա կալանավորել առևանգում կատարած երիտասարդին»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ պատգամավորի որդին` Արտակ Գևորգյանը, երկու օր առաջ` հուլիսի 18-ին ոչ սթափ վիճակում և զենքի պարտադրանքով Արմավիրի մարզի Սարդարապատ գյուղի գազալցակայանի մոտից առևանգել էր 25-ամյա մի երիտասարդի պատկանող ավտոմեքենան և հեռացել:
Նույն օրը ոստիկանության ձեռնարկած միջոցառումների արդյունքում Ա. Գևորգյանը ձերբակալվեց, իսկ երեկոյան խուզարկությամբ նրա բնակարանից հայտնաբերվեց և առգրավվեց ատրճանակ:
Այսօր լրանում է նրա նկատմամբ` կա´մ որպես խափանման միջոց կալանավորումը ընտրելու, կա´մ էլ ստորագրությամբ ազատ արձակելու ժամկետը:
Գագիկ Համբարձումյանը խոսեց նաև մայիսի 4-ին Հանրապետության հրապարակում տեղի ունեցած փուչիկների պայթյունի գործի ընթացքի մասին` ասելով, որ դրա վերաբերյալ պարզաբանումն արդեն իսկ տրվել է ոստիկանության կողմից, և «փուչիկների գործով» մեղադրանք չի առաջադրվելու ո´չ լիցքավորողի, և ոչ էլ պատվիրողների նկատմամբ:
Հարցին, թե ովքեր են փուչիկների լիցքավորումը պատվիրողները, Գագիկ Համբարձումյանն ասաց, որ այս պահին ոչինչ այլևս չեն կարող ասել, քանի որ ընթանում է քննություն:
Ասուլիսի ընթացքում խոսվեց նաև 2012 թվականին առաջին կիսամյակում Հայաստանի հանրապետությունում գրանցված հանցագործությունների մասին: Նշվեց, որ դրանց ընդհանուր թվաքանակը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատությամբ նվազել է 10,7%-ով կամ 905 դեպքով: