Բուլղարիայում կկայանան Հայաստանի մշակութային օրեր
Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Հայաստանում Բուլղարիայի նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Գեորգի Կարաստամատովին: Վարչապետը շնորհավորել է դեսպանին պաշտոնն ստանձնելու կապակցությամբ եւ մաղթել հաջողություններ հետագա գործունեության մեջ: «Հայաստանի կառավարությունն ամեն ինչ կանի, որպեսզի Դուք հաջողությամբ կարողանաք իրականացնել Ձեր առաքելությունը»,- ասել է Տիգրան Սարգսյանը:
Երկու բարեկամական երկրների միջեւ հարաբերությունների եւ առեւտրատնտեսական կապերի զարգացման համատեքստում զրուցակիցները կարեւորել են հայ-բուլղարական միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստի անցկացումը, որն այս տարի տեղի կունենա Սոֆիայում:
Գեորգի Կարաստամատովը Տիգրան Սարգսյանին է փոխանցել նաեւ Բուլղարիա այցելելու իր գործընկերոջ՝ Բուլղարիայի վարչապետ Բոյկո Բորիսովի հրավերը:
Դեսպանը տեղեկացրել է, որ ընթացիկ տարում Բուլղարիայում կազմակերպվելու են Հայաստանի մշակութային օրեր: