
Նազարյանին արձակուրդ են ուղարկել

Հայաստանի ոստիկանությունը հերքել է ոստիկանության Երեւանի վարչության պետ Ներսես Նազարյանի պաշտոնանկության լուրը:
Հերթական հերքումը եղել է այսօր` հուլիսի 20-ին ոստիկանապետի եւ վարչությունների պետերի մասնակցությամբ մամուլի ասուլիսին:
Նշենք, որ մամուլի ասուլիսից առաջ կայացել է ոստիկանության կոլեգիայի նիստը: Հարցին, թե Նազարյանի բացակայությունն ասուլիսին չի՞ նշանակում արդյոք, որ այսոհետ նա լիազորված չէ պատասխանել հարցերին, ոստիկանության լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը պատասխանել է, թե Նազարյանն այսօրվանից արձակուրդի մեջ է:
Հարցին, թե կվերադառնա՞ արդյոք արձակուրդից, Ահարոնյանը հավաստիացրել է, որ «անպայման վերադառնալու է» եւ այսօր էլ մասնակցել է կոլեգիայի նիստին:
Նշենք, որ Նազարյանի պաշտոնանկության լուրերը վաղուց են շրջանառվում: Ենթադրվում էր, որ որոշումը կայացվելու է կոլեգիայի նիստին: