Արցախի նախագահական ընտրություններում հաղթել է գործող նախագահը
Լեռնային Ղարաբաղի ընտրությունններում մեծ առավելությամբ հաղթանակ տարավ գործող նախագահ Բակո Սահակյանը:
ԼՂՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովն արդեն ստացել է ամփոփիչ արձանագրությունները բոլոր 273 ընտրատեղամասերից: Նախնական տվյալներով, Բակո Սահակյանը ստացել է 47 հազար 85 ձայն կամ ձայների 66,7 տոկոսը:
ԼՂՀ Ազգային ժողովի անկուսակցական պատգամավոր Վիտալի Միխայիլի Բալասանյանը ստացել է 22 հազար 966 ձայն կամ 32,5 տոկոսը:
Հայաստանի պետական ագրարային համալսարանի Արցախի մասնաճյուղի գիտաուսումնական գծով պրոռեկտոր Արկադի Իվանի Սողոմոնյանը ստացել է 594 ձայն կամ ձայների 0,8 տոկոսը:
Հիշեցնենք, որ երեկ՝ հուլիսի 19-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում կայացել են նախագահական ընտրություններ: Ժամը 20-ի դրությամբ, երբ փակվել են բոլոր 273 տեղամասերի դռները, քվեարկել էր 72 հազար 833 մարդ, կամ ընտրողների ընդհանուր թվի 73,38 տոկոսը: Ընդհանուր առմամբ, ընտրական ցուցակներում ընդգրկված է եղել 99 հազար 190 մարդ:
ԼՂՀ-ի նախագահի նախորդ ընտրությունները տեղի էին ունեցել 2007 թվականի հուլիսի 19-ին: Նախագահ էր ընտրվել Բակո Սահակյանը, որը, ըստ պաշտոնական տվյալների, հավաքել էր 85.12 տոկոս ձայն: