
ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը հետաձգեց սիրիական բանաձևի քվեարկությունը

ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը մինչև վաղը հետաձգել է Սիրիայի հարցով բանաձևի քվեարկությունը: Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ նովոստի» գործակալությունը, այս մասին հայտարարել է ՄԱԿ-ում Ռուսաստանի ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը:
Ավելի վաղ ՄԱԿ-ի և Արաբական լիգայի հատուկ ներկայացուցիչ Քոֆի Անանը դիմել էր ԱԽ-ին՝ բանաձևի քվեարկությունը հետաձգելու պահանջով՝ դա պայմանավորելով այսօր Դամասկոսում տեղի ունեցած ահաբեկչությամբ:
«ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նախագահողը քիչ առաջ տեղեկացրեց, որ քվեարկությունը հետաձգվել է մինչև վաղն առավոտյան»,- ասել է Չուրկինը՝ ՄԱԿ-ի Անվտանգության հիմնական հինգ անդամների հետ համատեղ քննարկումից հետո: Հետաձգման պատճառն այն է, որ այսօր երեկոյան լրացուցիչ քննարկումներ են տեղի ունենալու:
Նախօրեին Ռուսաստանը Անվտանգության խորհրդին ներկայացրել էր բանաձևի սեփական տարբերակը: Այսպիսով քվեարկության է դրվելու միանգամից երկու բանաձևի նախագիծ: Արևմտյան նախագիծը նախատեսում է Սիրիայի դեմ պատժամիջոցների խստացում, իսկ ռուսականը՝ ՄԱԿ-ի դիտորդական առաքելության գործունեության երկարաձգում Սիրիայում: