Դատական դեպարտամենտ. Սիրադեղյանի գործը չի անհետացել
Քրեական վերլուծաբան, գրող Սերգեյ Գալոյանի այսօր` հուլիս 18-ին, լրագրողների հետ հանդիպմանն արած հայտարարությունները չեն համապատասխանում իրականությանը: Այս մասին հայտնեց Դատական դեպարտամենտի հասարակայնության հետ կապերի ծառայության պետ Արսեն Բաբայանը:
Նա նշեց, որ Արմեն Տեր-Սահակյանի վերաբերյալ քրեական գործը գտնվում է Գլխավոր դատախազությունում, նրանց պահանջով ուղարկվել է իրենց: «Այդ գործն ավելի քան 40 հատոր է եւ թեւի տակ դնել եւ տեղափոխելիս կորցնելը ֆանտաստիկայի ժանրից է, դատարաններում պահվող որեւէ գործ չի կարող կորել»,- նշեց Արսեն Բաբայանը:
Ինչ վերաբերում է Վանո Սիրադեղյանի վերաբերյալ քրեական գործին, ապա, նրա պնդմամբ, այն գտնվում է դատարանի արխիվում, ինչը եւս կորել չի կարող:
Նշենք, որ քրեագետ Սերգեյ Գալոյանը հայտարարել էր, թե Վանո Սիրադեղյանին վերաբերվող քրեական գործն անհետացել է, մեկ դատարանից մյուս դատարան տեղափոխելու ժամանակ: «Վանո Սիրադեղյանի գործով դատական նյութերն անհետացել են մոտավորապես 6 ամիս առաջ, իսկ դա ի՞նչ է նշանակում, կարո՞ղ եք ասել: Նախ` սկսեմ նրանից, որ Վանո Սիրադեղյանի վրա ոչ մի քրեական գործ հարուցված չէ: Դա քրեական գործ է Արմեն Տեր-Սահակյանի եւ նրա ավազակախմբի վերաբերյալ, որն էլ անհետացել է»,- նշել էր Ս. Գալոյանը: