Կատաղի մարտեր Դամասկոսի փողոցներում
18:09 Սիրիայի ազատ բանակը հայտարարել է «տոտալ պատերազմի» մասին` մայրաքաղաք Դամասկոսի վերահսկոզությունն արդեն այսօր վերցնելու նպատակով, հայտնում է «Ալ-Ջազիրա»-ն: Ականատեսների վկայությամբ քաղաքի բազմաթիվ մասերում ծանր մարտեր են ընթանում:
17:35 Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադին հավատարին անկանոն զինված խմբավորումները հարձակումներ են գործում Դամասկոսի արվարձաններում ընդդիմադիրների դիրքերի վրա, հայտնում է «Ալ-Ջազիրա»-ն:
17:29 Ազգային հետախուզության շենքում տեղի ունեցած պայթյունից ստացած վնասվածքներից հիվանդանոցում մահացել է Սիրիայի Ազգային հետախուզության պետ, գեներալ Հասան Տուրկմանին, հայտնում է Russia Today-ը: Այլ տեղեկություններով, զոհվել է նաև նույն կառույցի Հետաքննությունների վարչության պետ Հաֆեզ Մախլուֆը:
Դամասկոսում հերթական խոշոր պայթյունն է տեղի ունեցել` ազգային հետախուզական ծառայության շենքի մոտակայքում: Պայթյունի հետևանքով զոհվել է Սիրիայի պաշտպանության նախարար գեներալ Դաուդ Ռաջիհան, տեղեկացրել է Սիրիայի պետական հեռուստաընկերությունը: Լուրջ վնասվածքներից ավելի ուշ մահացել են նաև Ռաջիհայի տեղակալ, նախագահ Ասադի փեսա Ասեֆ Շաուքաթն ու ներքին գործերի նախարար Մոհամմեդ Իբրահիմ ալ Շաարը, հայտնում է «Ալ-Ջազիրա»-ն: Տեղեկություններ կան, որ ընդհանուր առմամբ զոհվել է հանդիպման 6 մասնակից, մի քանիսը` լուրջ վնասվածքներ են ստացել, սակայն նրանց անունները դեռ չեն հրապարակվում:
Որոշ տեղեկություններով, պայթյունն իրականացրել է նախագահ Ասադի անվտանգության աշխատակիցներից մեկը, ով պատասխանատու է եղել նրա մերձավորների անվտանգության համար: Երկրի անվտանգությա նուժերի անանուն մի աղբյուր հայտնել է, որ նա մուտք է գործել շենք ու պայթուցիկը տեղադրել բարձրաստիճան պաշտոնյաների խորհրդակցության սենյակում:
Արդեն Պաշտպանության նոր նախարար է նշանակվել գեներալ Ֆահեդ Ջասեմ ալ-Ֆերաջը:
Միաժամանակ զինյալները հայտարարել են, որ կարողացել են մուտք գործել քաղաքի Դումմար շրջան, որտեղ գտնվում է նախագահական նստավայրը: «Ալ-արաբիա»-ի հաղորդմամբ, ընդդիմադիրները հրետակոծում են այստեղ գտնվող պետական շինությունները. մարտեր են ընթանում նախագահական նստավայրից ընդամենը մի քանի հայուր մետր հեռավորության վրա:
Վերջին տեղեկություններով, մայրաքաղաքում ևս միանգամից 5 պայթյուն է տեղի ունեցել բանակային այն դիվիզիայի տեղակայման վայրի մոտ, որի հմարանատարը նախագահ Բաշար ալ-Ասադի եղբայր Մահերը:
Օրվա դեպքերի կապակցությամբ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ասել է. «Սիրիայում որոշիչ մարտեր են ընթանում: Ասադը ինքնակամ չի հեռանա և մեր արևմտյան գործընկերը չգիտեն ինչպես վարվել»:Վերջին դեպքերի կապակցությամբ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ասել է. «Սիրիայում որոշիչ մարտեր են ընթանում: Ասադը ինքնակամ չի հեռանա և մեր արևմտյան գործընկերը չգիտեն ինչպես վարվել»:
Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Ուիլյամ Հեյգը նշել է, որ Դամասկոսի դեպքերը ցույց են տալիս, որ անհրաժեշտ է ՄԱԿ-ի այնպիսի որոշում, որը վերջ կդնի սիրիական ճգնաժամին, իսկ Ֆրանսիայի նրա պաշտոնակից Լորան Ֆաբիուսի կարծիքով պայթյունները Սիրիայում իշխանափոխությունը հրատապ են դարձնում: