
Արցախում ընտրությունների շեմին լռության օր է

Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում հուլիսի 19-ին կկայանան նախագահական թվով հինգերորդ ընտրությունները: Այսօր` հուլիսի 18-ին, հայտարարված է «լռության» օր: Արգելվում է թեկնածուների եւ նրանց համակիրների կողմից ցանկացած քարոզչություն:
Քվեարկությունը տեղի կունենա 274 ընտրատեղամասերում, որոնցից մեկը գտնվում է Հայաստանում ԼՂՀ-ի ներկայացուցչությունում` Հայաստանում ժամանակավոր բնակվող կամ գտնվող ԼՂՀ-ի քաղաքացիների համար:
Ըստ հուլիսի 16-ի տվյալների` ընտրողների թիվը կազմում է 98 հազար 909 մարդ: Ընտրությունների օրն այդ թիվը կարող է փոխվել: Ըստ ԼՂՀ-ի ոստիկանության պետի տեղակալ Մխիթար Գրիգորյանի` համակարգչային ծրագրերը թույլ են տալիս մեծ ճշգրտությամբ կազմել ցուցակներ: Զինծառայողների ցուցակները կազմվում են զորամասերում. նրանք կքվեարկեն ծառայության վայրին մոտ գտնվող ընտրատեղամասում:
Ընտրություններին նախատեսվում է շուրջ 80 դիտորդների մասնակցություն ԱՄՆ-ից, Ռուսաստանից, Կանադայից, Ֆրանսիայից, Գերմանիայից, Ավստրիայից, Չեխիայից, Իռլանդիայից, Լեհաստանից, Կիպրոսից, Հունգարիայից, Բուլղարիայից, Իսրայելից, Արգենտինայից, Ուրուգվայից եւ այլ երկրներից, ինչպես նաեւ Հայաստանից պաշտոնատար անձանց պատվիրակության մասնակցությունը: Ստեփանակերտի Մշակույթի պալատում գործում է մամուլի կենտրոն, որտեղ ստեղծվել են բոլոր անհրաժեշտ պայմանները լրագրողների աշխատանքի համար:
ԼՂՀ նախագահի ընտրություններին մասնակցում են երեք թեկնածուներ` Հայաստանի պետական ագրարային համալսարանի գիտաուսումնական գծով պրոռեկտոր Արկադի Իվանի Սողոմոնյանը (1962թ.), ԼՂՀ Ազգային ժողովի անկուսակցական պատգամավոր Վիտալի Միխայիլի Բալասանյանը (1959թ.) եւ ԼՂՀ գործող նախագահ Բակո Սահակյանը:
ԼՂՀ նախագահի նախորդ ընտրությունները կայացել են 2007թ. հուլիսի 19-ին: Նախագահ էր ընտրվել Բակո Սահակյանը, որը, պաշտոնական տվյալներով, 85.12 տոկոս ձայն էր հավաքել: