Նալբանդյանն ընդունել է Գերմանիայի նորանշանակ դեսպանին

Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն, այսօր` հուլիսի 18-ին, ընդունել է Գերմանիայի նորանշանակ դեսպան Ռայներ Մորելին՝ հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ:

ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ շնորհավորելով հյուրին դիվանագիտական առաքելության մեկնարկի կապակցությամբ՝ նախարար Նալբանդյանը գոհունակությամբ նշել է, որ վերջին տարիներին հայ-գերմանական քաղաքական երկխոսությունը եւ բազմաբնույթ համագործակցությունը զարգանում են դինամիկ կերպով, ինտենսիվ բարձրաստիճան փոխայցելություններ են կատարվում: ԱԳ նախարարը հույս է հայտնել, որ դեսպան Մորելն իր ներդրումը կունենա Հայաստանի եւ Գերմանիայի միջեւ երկկողմ գործընկերության առավել  ամրապնդման եւ ընդլայնման գործում:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ դեսպան Մորելը բարձր է գնահատել Հայաստանի եւ Գերմանիայի միջեւ հաստատված փոխգործակցությունը եւ վստահեցրեց, որ ջանքեր կգործադրի փոխհարաբերությունների սերտացման ուղղությամբ:

Նախարար Նալբանդյանն ու դեսպան Մորելը քննարկել են քաղաքական, տնտեսական, մշակութային եւ կրթական բնագավառներում համագործակցության ընդլայնման հեռանկարները:

Զրուցակիցներն անդրադարձել են Հայաստան-ԵՄ համագործակցությանը Արեւելյան Գործընկերության նախաձեռնության շրջանակներում:

Հանդիպմանը, որպես երկկողմ փոխգործակցության կարեւոր բաղադրիչ գոհունակությամբ նշվել է Աֆղանստանում գերմանական զորախմբի կազմում հայ խաղաղապահների ծառայության մասին:

Նախարար Նալբանդյանն ու դեսպան Մորելը քննարկել են նաեւ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային մի շարք խնդիրներ:

Հիշեցնենք որ նորանշանակ դեսպանը փոխարինել է Հանս-Յոխեն Շմիդտին, ով բավականին ակտիվ դիվանագետ էր ու լավ հարաբերություններ ուներ Հայաստանում:

 

Տեսանյութեր

Լրահոս