Վանոյի քրեական գործը կորե՞լ է
Վանո Սիրադեղյանին վերաբերվող քրեական գործը անհետացել է, մեկ դատարանից մյուս դատարան տեղափոխելու ժամանակ: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց քրեական վերլուծաբան, գրող Սերգեյ Գալոյանը:
«Վանո Սիրադեղյանի գործով դատական նյութերը անհետացել են մոտավորապես 6 ամիս առաջ, իսկ դա ի՞նչ է նշանակում, կարո՞ղ եք ասել: Նախ` սկսեմ նրանից, որ Վանո Սիրադեղյանի վրա ոչ մի քրեական գործ հարուցված չէ: Դա քրեական գործ է Արմեն Տեր-Սահակյանի և նրա ավազակախմբի վերաբերյալ, որն էլ անհետացել է»,- նշեց Ս. Գալոյանը:
Հարցին, թե նա ինչպե՞ս է վերաբերվում Վանո Սիրադեղյանին վերադարձնելու համար նկատվող հասարակական ակտիվությանը և, մասնավորապես, այդ նպատակով սկսված ստորագրահավաքին, Գալոյանն ասաց, որ Վանո Սիրադեղյանին հարկավոր է վերադարձնել հայրենիք, քանի որ «Վանոյի պետքը կա»:
«Վանո Սիրադեղյանը 90-ականների Հայաստանում կատարեց այն, ինչ Մուսոլինին 1923 թվականին, և ինչ հիմա անում է Սաակաշվիլին Վրաստանում: Այսինքն, Վանոն վերացրեց «գողականների քոքը»:
Սակայն բանախոսը երևի մոռացել է այն փաստը, որ վերացնելով գողականությունը, Վանո Սիրադեղյանը ոստիկաններին դարձրեց գողականներ, գողական օրենքներով շարժվող պետական պաշտոնյաներ: Ու հենց այդ տարիներին էր, որ ոստիկանությունը՝ ինքը կոչված լինելով պայքարել հանցագործությունների դեմ, ինքն էր դարձել ամենամեծ հանցագործը, իսկ երկիրը ընկղմել անպատժելիության, հովանավորչության ու կոռուպցիայի ճահիճը: